Դպրոց շտապող երեխաները ստիպված էին անցնել գիշերվա ընթացքում ձևավորված հսկա աղբանոցի միջով. դիմում
Կենտրոն վարչական շրջանի Պետրոս Ադամյան փողոցով դեպի դպրոց շտապող երեխաներն այսօր՝ 2018 թվականի ապրիլի 13-ին, ստիպված էին անցնել գիշերվա ընթացքում ձևավորված հսկա աղբանոցի միջով։ Այս մասին նշված է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի տարածած հաղորդագրությունում:
Այս փողոցի մաքրության հարցը ամիսներ շարունակ չի լուծվում։ «Սանիտեկի» աշխատակիցները մաքրում են հարակից տարածքները (չի բացառվում՝ հավելյալ վճարովի հիմունքներով), սակայն մշտապես շրջանցում են այդ փողոցը։
![]()
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության բազմաթիվ ահազանգերը «Սանիտեկ» ընկերությունը թողել է անպատասխան։ Փողոցի աղտոտվածության հարցը չի լուծվել անգամ «շաբաթօրյակների» ընթացքում։
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պահանջում է թե՛ ներկայացված հսկա աղբակույտի, թե՛ ողջ տարածքի շտապ մաքրում և մաքրության մշտական ապահովում։

