
Օդերևութաբանները որոշեցին փոթորիկներն այլևս չկոչել Հարվի, Իրմա, Մարիա և Նեյթ անուններով

Հարվի, Իրմա, Մարիա եւ Նեյթ անուններն այլեւս երբեք չեն տրվի Կարիբյան ծովի, Մեքսիկական ծոցի, Հյուսիսային Ատլանտիկայի եւ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարեւելյան մասի փոթորիկներին: Այդ մասին հայտնել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ): Նա իր որոշումը հիմնավորել է այն կանոններով, որոնց համաձայն, առանձնապես ավերիչ փոթորիկների անվանումներն ընդմիշտ բացառվում են ամեն տարի փոփոխվող ցուցակներից:
«ՀՕԿ-ի՝ փոթորիկների գծով կոմիտեն Հարվի, Իրմա, Մարիա եւ Նեյթ անունները բացառել է շրջափոխվող անունների ցանկից: Դրանք կփոխարինվեն Հարոլդ, Իդալիա, Մարգո եւ Նայջել անուններով»,-հայտարարել է կազմակերպությունը՝ պարզաբանելով, որ «Ատլանտիկայում եւ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարեւելյան մասում տղամարդկանց ու կանանց անունները հաջորդաբար միմյանց փոխարինում են այբբենական կարգով, եւ այդ ցուցակները կիրառվում են վեց տարին մեկ»:
2005 թվականի արդյունքներով՝ ՀՕԿ-ի ցուցակներից բացառվել է միանգամից հինգ անուն՝ Դենիսը, Կատրինան, Ռիտան, Սթենը եւ Վիլման, եւ դա առայժմ ռեկորդ է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: