Բաժիններ՝

Էկվադորի նախագահը վերջնագիր է ներկայացրել լրագրողներին առևանգած ելուզակներին. EFE

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն վերջնագիր է ներկայացրել ԶԼՄ-ների աշխատակիցների առեւանգողներին, որպեսզի հանցագործներն այն բանի ապացույցներ ներկայացնեն , որ El Comercio թերթի՝ մարտի վերջին առեւանգված երկու թղթակիցները եւ նրանց վարորդը ողջ են: Դրա համար պետության ղեկավարը ելուզակներին տվել է 12 ժամ:

Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը: Էկվադորի նախագահը հայտարարել է, որ վերջնագրի գործողության ժամկետի լրանալուց հետո ուժային միջոցներ կձեռնարկվեն ենթադրյալ առեւանգիչների նկատմամբ: «Բավակա՛ն է»,-հայտարարել է Մորենոն Էկվադորի մայրաքաղաքում՝ խոսելով առեւանգվածների հետ կապված իրադրության մասին: Պետության ղեկավարը նաեւ խոստացել է, որ կխնդրի Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին, որպեսզի նա նույնպես խիստ միջոցներ ձեռնարկի առեւանգիչների դեմ:

Մորենոն որոշել է ապրիլի 12-ին լքել Պերուի մայրաքաղաք Լիման, որտեղ պետք է մասնակցեր Ամերիկաների գագաթնաժողովին, այն բանից հետո, երբ մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին Կոլումբիայի հետ սահմանին առեւանգված լրագրողների սպանության մասին: Նա շտապ կարգով հայրենիք վերադառնալու որոշում է ընդունել համաժողովին ժամանելուց բառացիորեն մի քանի ժամ անց: Մարտի 27-ին հայտնի է դարձել, որ El Comercio Էկվադորյան թերթի երկու լրագրողներ ու նրանց վարորդն առեւանգվել են, երբ խմբագրության առաջադրանքն էին կատարում Կոլումբիայի սահմանից ոչ հեռու:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսարեւելյան մասի Էսմերալդասի նահանգի Մատախե շրջանում: Մարտի 20-ին այնտեղ ճամփեզրին տեղադրված ինքնաշեն սարքի պայթեցման հետեւանքով զոհվել են էկվադորի երեք զինվորականներ: Պատահածի հետաքննությունը շարունակվում է: Ըստ վարկածներից մեկի՝ արտակարգ պատահարը կազմակերպված հանցավոր խմբավորումների ձեռքի գործն է, որոնք զբաղվում են թմրանյութերի մաքսանենգությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս