ԱՄՆ-ը Թուրքիային իր հրթիռային համալիրներն է առաջարկել ռուսականի փոխարեն
ԱՄՆ-ը Թուքիային սպառազինության իր համակարգերն է առաջարկել որպես ռուսական զենիթային համալիրների այլընտրանք: Այս մասին, ինչպես գրել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը։
Նրա խոսքով՝ ամերիկյան հրթիռային համալիրների գնումը թուրքական կողմին թույլ կտա ստանալ ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ համատեղելի համակարգեր: «Իսկ այժմ տեղի է ունենում այն, որ նույն շրջան են մտցվում հակահրթիռային պաշտպանության անհամատեղելի համակարգեր: Եվ դա հազիվ թե լավագույնս համապատասխանի ՆԱՏՕ-ի շահերին»,- նշել է Մեթիսը:
Ապրիլի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաստել է ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու իր երկրի վճռականությունը, չնայած Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին: Ապրիլի 4-ին հաղորդվել էր, որ Թուրքիային Ս-400 «Տրիումֆի» մատակարարումները կարագացվեն, նոր ժամկետ է սահմանվել 2019 թվականի հուլիսը: