Ոստիկաններին հանձնարարված է հետևել ակցիայի մասնակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել բողոքի ակցիաների կազմակերպիչների նկատմամբ:
Եթե մինչև հիմա «Հանուն Հայաստան պետության» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հանրահավաքներին և երթերին ոստիկանները չէին միջամտում, անգամ բացահայտ չէին հսկում, հիմա որոշել են այլ կերպ վարվել:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` իշխանություններն անհանգստացած են և՛ այս նախաձեռնությունների, և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից անհնազանդությանը միտված հայտարարություններից: Սա հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ ներկայացուցիչները հայտարարել են խորհրդարանում վարչապետի ընտրության օրը ԱԺ շենքը շրջափակելու մասին:
Պատահական չէ, որ երեկ ոստիկանությունը հատուկ գործողությունների է դիմել և Մաշտոցի պողոտան բացել այնտեղ վրան խփած ցուցարարներից: Ճիշտ է` նրանց ոչ թե բերման են ենթարկել, այլ տեղափոխել ուրիշ վայր, սակայն ակնհայտ է ոստիկանական միջամտությունը:
Բացի այս` իշխանությունները պատրաստվում են ողջ ուժերը կենտրոնացնել այսօր և ապրիլի 17-ին կայանալիք հավաքների մասնակիցների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու համար:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ոստիկաններին հանձնարարված է հետևել ակցիայի մասնակիցներին, լուսանկարել, որպեսզի նրանց վրա հետագայում ազդելու միջոց ունենան՝ ապրիլի 17-ին անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: