Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ «Ելք»-ի պատգամավորների կազմակերպած «ծխային շոուին»

ՀՀԿ-ն սադրանքների չի տրվում, այլ շատ հանգիստ ու լրջորեն իրականացնելու է իր աշխատանքը: Անդրադառնալով Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորների կողմից հրավառության նյութ վառելուն՝ ՀՀԿ Գմ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Սա վերաբերում է ոչ միայն չստացված շոուին, այլև, առհասարակ, բոլոր իրենց նախաձեռնություններին: Եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ իշխանությունն ու հանրապետականը պետք է տրվեն սադրանքների, որ մեր նյարդերը տեղի են տալու ու մենք պատասխանելու ենք իրենց ակցիաներին, ապա նրանք պետք է հասկանան, որ մենք ունենք այնքան քաղաքական հասունություն, լրջություն, այնքան ենք սիրում մեր երկիրը, որ երբեք ոչ արկածախնդրության ենք գնալու, ոչ էլ արկածախնդրությանն արկածախնդրությամբ ենք պատասխանելու: Մենք ստանձնել ենք մեր քաղաքացիների առջև պատասխանատվություն երկիրը կառավարելու համար և պատրաստ ենք ամբողջ այդ բեռը վերցնել ու շարունակել: Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, մեզ պետք է ուժեղ, ժողովրդավարական, ազգային ու միասնական Հայաստան»,- հավելեց նա:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պատգամավորներն ապրիլի 11-ին խորհրդարանի նիստերի դահլիճում գունավոր «ծխային շոու» իրականացրեցին:

Իր ելույթի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում և սկիզբ դնել իրենց երազած Հայաստանի կերտմանը: «Այնտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը: Ելույթից հետո նա հրավառության նյութ վառեց, որը գունավոր ծուխ էր արձակում: Միրզոյանին միացավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:

Ակցիայից հետո Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը լքեցին նիստերի դահլիճը:

Տեսանյութեր

Լրահոս