
Որքանով են հայաստանցիները ծանոթ հարկերին և հարկային մարմնին

Հայաստանցիների 23 տոկոսը ծանոթ չէ Հայաստանում գոյություն ունեցող հարկերին, թեև 71 տոկոսը գործ է ունենում գույքահարկի հետ, իսկ 61 տոկոսը՝ հողի հարկի հետ: Այս մասին նշվում է հարկային բարեփոխումների ընկալումների հետազոտության մեջ, որն անցկացվել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» կազմակերպության կողմից (ֆինանսավորումը՝ Deloitte-ի կողմից)։
Հարցումն անցկացվել է 2016թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում։
Հարցվածները նշել են, որ հարկերի մասին տեղեկատվություն ստանում են հեռուստատեսությունից և ռադիոյից (70 տոկոս), հետո նոր` իրենց բարեկամներից ու ընկերներից (37 տոկոս): Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, 2013թ. իրականացված հարցման արդյունքների համեմատ` 2016թ. որպես տեղեկատվության աղբյուր նկատելիորեն մեծացել է համացանցի, սոցիալական մեդիայի դերը, իսկ տպագիր լրատվամիջոցներինը՝ նվազել: Այլ աղբյուրների մեջ ընդգծվել են կարճ հաղորդագրությունները:
Ըստ հետազոտության արդյունքների, հարցվածները լավ չեն պատկերացնում նաև պետական կառավարման համակարգում հարկային մարմնի անելիքը, գործառույթները: Հարկային մարմնի գործառույթներին վերաբերող պատասխանների վերլուծությունը ցույց է տալիս, որ հարցվածների կողմից առավել գնահատելի առաքելություն է համարվել այն, որ հարկային մարմինն իր առջև հիմնական նպատակ դնի՝ հավաքել այնքան հարկեր, որքան ունակ են վճարել բիզնեսը ու մարդիկ¦: