Հունվար-փետրվարին հանցագործությունների թիվն աճել է 9.6%-ով
2018 թվականի հունվար-փետրվարին հանրապետությունում գրանցվել է 2816 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2570-ի դիմաց։ Գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակն աճել է 246-ով կամ 9.6%-ով։
Հարաբերական առումով, ամենից շատ՝ 24.1%-ով, աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ 29-ից հասնելով 36-ի։
Ծանր հանցագործությունների թիվն աճել է 22.1%-ով և կազմել 448։
Միջին ծանրության հանցագործությունների թիվն աճել է 10.2%-ով. նախորդ տարվա հունվար-փետրվարի 800-ի դիմաց այս տարվա առաջին 2 ամիսներին գրանցվել է 882 հանցագործություն։
Ոչ մեծ ծանրության հանցագործությունների քանակն աճել է 5.5%-ով և կազմել 1450։
Նշենք նաև, որ գրանցված հանցագործությունների մեծ մասը՝ 1328-ը, բաժին է ընկնում մայրաքաղաքին։