Գյումրիում հիմնանորոգվելու է Երևանյան խճուղի փողոցը և երկու գետնանցում
Այսօր Գյումրու քաղաքապետարանում քաղաքային ճանապարհների և փողոցների լուսավորության ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հանրային քննարկում էր կազմակերպվել:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Գյումրու քաղաքային ճանապարհների հիմնանորոգման և փողոցների լուսավորության վերաբերյալ ծրագրով Գյումրիում հիմնանորոգվելու են մի շարք փողոցներ:
Ծրագրի առաջին փուլով նախատեսված է Գյումրիում հիմնանորոգել 12 փողոց, որոնցից 5-ն համարվում են գլխավոր, 7-ը՝ երկրորդական:
Փողոցների հիմնանորոգումը մեծ խթան կհանդիսանա Գյումրիում զբոսաշրջության զարգացման և երթևեկության կանոնակարգման համար:
12 փողոց և 2 հրապարակ նախատեսված է հիմնանորոգել արդեն այս տարի: Հաջորդ շաբաթվանից նախատեսված է շինաշխատանքների մեկնարկը: Մնացած ճանապարհահատվածները գտնվում են մրցույթի փուլում:
Երևանյան խճուղում նախատեսված է ճանապարհային ծածկի հիմնանորոգում, ջրահեռացման ապահովում, լուսատուներով ճանապարհային լուսավորության ապահովում, մայթերի նորոգում, պարտադիր թեքահարթակներով՝ սահմանափակ կարողությամբ մարդկանց ազատ տեղաշարժման համար:
Գարեգին Նժդեհի պողոտայի ծածկի, մայթերի նորոգում ևս նախատեսված է:
Հաջորդ փողոցը Վազգեն Սարգսյանն է, որի երկարությունը շուրջ 2 կմ է, այն ևս հիմնանորոգվելու է, նաև՝ տվյալ հատվածում գտնվող կամուրջը:
Տիգրան Մեծ պողոտայի մայթերի, ճանապարհային ծածկի հիմնանորոգում է լինելու, երկկողմանի ճանապարհային լուսավորության ապահովում, Սայաթ-Նովա պողոտայում ևս ճանապարհային ծածկի հիմնանորոգում է նախատեսված:
Շառլ Ազնավուրի հրապարակում ստորգետնյա ջրահեռացման համակարգի հիմնանորոգում է տեղի ունենալու:
Կոմիտասի պողոտայում ևս հիմնանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու:
Քաղաքի բոլոր փողոցներում, բացառությամբ երկու երկրորդական փողոցների, վերգետնյա մալուխներն անցկացվելու են ստորգետնյա համակարգով: Սյուների վրա մալուխներն այլևս չեն երևալու:
Գերցեն փողոցը, որը երկրորդական փողոցներից մեկն է, ամբողջությամբ քայքայված է, որտեղ նախատեսված է ճանապարհային ծածկի ամբողջական փոխարինում, գոյություն ունեցող կամրջի նորոգում և լայնացում, նաև՝ ստորգետնյա ջրահեռացման համակարգի կառուցում:
Նախատեսված է նաև երկու ստորգետնյա անցում նորոգել:
Հաջորդը «Կումայրի» թաղամասի 4 փողոցներն են՝ Ղորղանյան, Աբովյան, Վարպետաց և Ջիվանի:
Երկու փողոցներում, որտեղ գոյություն ունեցող ճանապարհային պատվածքն ասֆալտբետոնե է, նախատեսվում է սալապատում Ռուսթավելի փողոցից հանված սալերի միջոցով, որոնք ի պահս, հանձնվել են քաղաքապետարանին:
Շինաշխատանքների մեկնարկելուց առաջ շինարարների հետ համատեղ բոլոր փողոցները չափագրվելու են, որպեսզի ճշտվի նախագծումից հետո առաջացած որևէ փոփոխություն:
Անահիտ Սիմոնյան