«Ռուսները մեզ անգամ Կալաշնիկովի ավտոմատ արտադրելու տեխնոլոգիաները չեն տալիս. դաշնակցի հետ այդպես չեն վարվում». Արմեն Բաղդասարյան

«Ենթադրենք՝ ադրբեջանական կամ թուրքական զորքերը շարժվեցին Երևանի ուղղությամբ և հասան Արտաշատ կամ Արարատ, ի՞նչ է տեղի ունենալու, արդյոք ռուսները մտնելու են, սկսելու են ջարդե՞լ ադրբեջանական զորքը: Իհարկե՝ ոչ»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը ՌԴ-ի համար պակաս կարևոր է, քան՝ Ադրբեջանը. «Ինչ-որ ռազմավարական առումով ՀՀ-ն ՌԴ-ի համար կարևոր է, կարծում եմ՝ Երևանը չեն հանձնի, բայց կա արձագանքային քաղաքականություն, այսինքն՝ ինչպիսի՞ն պետք է լինի ՌԴ-ի արձագանքը: Մտածո՞ւմ են արդյոք այս հարցի շուրջ Երևանում, թե՞ ոչ: Չգիտեմ: Այստեղ կարևորը ոչ թե՝ ՌԴ-ին կանխավ մեղադրելն է, այլ՝ նախապատրաստվելն է սեփական սցենարների և խաղի, և ներգրավելն է այլ դաշնակիցների»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում այս պահին ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը. «Բայց դա չի նշանակում, որ ՀՀ անվտանգությունը և ԼՂՀ ապագան պետք է պատանդ դառնան ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերին, իսկ դա այն է, ինչ այսօր տեղի է ունենում»:

Կարդացեք նաև

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն էլ նկատեց, որ ՌԴ-ին ձեռնտու է այս տարածաշրջանում ունենալ դաշնակից երկիր, ռազմաբազա, բայց Ղարաբաղին դա կարծես թե չի վերաբերում. «Ես մի օրինակ բերեմ: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք վերցրել ենք 7 շրջան և կորցրել ենք 1 շրջան: Բոլորն էլ գիտեն՝ այդ շրջանն ադրբեջանցիները չեն գրավել, ռուսները գրավել են, տվել են ադրբեջանցիներին: Այսինքն՝ մենք մի շրջան ենք կորցրել, դա էլ ռուսներն են մեզնից գրավել՝ տվել Ադրբեջանին»:

Ա. Բաղդասարյանի խոսքով՝ այն, որ մենք ՌԴ-ից զենք ենք ձեռք բերում իրենց ներքին գներով, դա առավելություն է, բայց գլոբալ առումով առավելություն չի տալիս. «Որովհետև իրական դաշնակիցն այստեղ զենքի արտադրություն կդներ, ինչպես Թուրքիայում են անում: Հիմա այնտեղ քննարկում են «S-400» տեխնոլոգիաներ արտադրելու հարցը: Իսկ այստեղ մեզ անգամ Կալաշնիկովի ավտոմատ արտադրելու տեխնոլոգիաները չեն տալիս: Դաշնակցի հետ այդպես չեն վարվում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս