«Մեր տեղական շուկան այլևս 3 միլիոնանոց չէ. մենք ԵՏՄ-ի հետ կիսում ենք 170 միլիոն բնակչություն ունեցող շուկա». Սերժ Սարգսյան
Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանը ներդրողների կողմից դիտարկվում է արդեն ոչ թե որպես 3 մլն բնակչություն ունեցող երկիր, այլ որպես 170 միլիոնանոց շուկայի մաս: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում այս մասին խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կարծում եմ՝ ցանկացած ներդրող որոշում կայացնելիս ուշադրություն է դարձնում երեք ասպեկտի՝ մարդկային կապիտալ, ապրանքների սպառում և բիզնես միջավայր: Մեր տեղական շուկան այլևս 3 միլիոնանոց չէ. մենք Եվրասիական տնտեսական միության հետ կիսում ենք 170 միլիոն բնակչություն ունեցող շուկա: Պետք է հաշվի առնել նաև Իրանի 80 միլիոնանոց շուկան, որը հենց մեր կողքին է»,- նշել է Ս. Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ մարդկային կապիտալի առումով Հայաստանը վայելում է համեմատական առավելություն բնակչության կրթական և մասնագիտական առավելությունների տեսանկյունից:
«Ավելին, մենք ունենք տասնյակ հազարավոր բնակիչներ, ում համար արաբերենը համարվում է մայրենի լեզուներից մեկը: Նրանք այն մարդիկ են, ովքեր Մերձավոր Արևելքից հայրենադարձվել են Հայաստան: Սիրիական ճգնաժամի ընթացքում մենք ընդունել ենք ավելի քան 22 հազար սիրիահայերի, ովքեր ստիպված էին լքել իրենց երկիրը: Նրանք բնակություն են հաստատել Երևանում և այլ շրջաններում՝ գեղեցիկ գույն հաղորդելով քաղաքին, հիմնելով բազմաթիվ փոքր ձեռնարկություններ, ռեստորաններ ու սրճարաններ: Սա ևս մեր զարգացմանը նպաստող կարևոր գործոն է: Մենք մշտապես եղել ենք Արևմուտքի և Արևելքի հանգույցում՝ եղել ենք արևմուտք՝ արևելքի, և արևելք՝ արևմուտքի համար»,- ասել է Սարգսյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանի միջավայրը դրական է Ծոցի երկրների ներդրողների համար:
Ս. Սարգսյանի խոսքով՝ օրական տասնյակ ինքնաթիռներ են վայրէջք կատարում ԱՄԷ օդանավակայաններում՝ տեղափոխելով սնունդ, միրգ, խմիչքներ և այլ ապրանքներ: «Դրանք ժամանում են հեռավոր տարածաշրջաններից՝ թռչելով 10-11 ժամ: Հայաստանից Դուբայ կամ Աբու-Դաբի թռիչքը տևում է ընդամենը 2,5 ժամ: Մենք ունենք հնարավորություն այդ շուկա մատակարարելու լավագույն գյուղատնտեսական ապրանքներ՝ միս, բանջարեղեն ու այլ սննդամթերք»,- ասել է Սերժ Սարգսյանը: