Կարեն Կարապետյանը հանձնարարեց խստացնել տեխնիկական անվտանգության պահանջների պահպանումը
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման խնդրին։ Նա նշեց, որ 3 օր առաջ Երևանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժեց 8 մարդ, դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմինները ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները։
«Միաժամանակ նշված դեպքը հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության հիմք է հանդիսանում»,- ասաց Կ.Կարապետյանը։
Վարչապետը հանձնարարեց արտակարգ իրավիճակների նախարարին երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվային պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ՝ խախտումների արձանագրման դեպքում սահմանելով սեղմ ժամկետներ խնդիրները վերացնելու, իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ, համապատասխան կազմակերպություններում անվտանգության ապահովման առումով ներգրավել նաև առողջապահական տեսչական մարմնին։
Գործարար միջավայրի ներկայցուցիչներին, սպասարկման և ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին վարչապետն առաջարկեց սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև համագործացելով ԱԻՆ-ի հետ, միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման և վերացման ուղղությամբ՝ բարձրացնելով օբյեկտներում անվտանգության պայմանները։
Արտակարգ իրավիճակերի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին Կ.Կարապետյանը հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական օրենսդրական կարգավորումների հստակեցման, ԵԱՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման, ինչպես նաև գործնականում առկա այլ խնդիրների վերացմանն ուղղված առաջարկություններ։
«Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք, որպեսզի այս հանձնարարականի հետևանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ և լիազորությունների ոչ ճիշտ ընկալում և կիրառում»,- դիմելով Դավիթ Տոնոյանին՝ ասաց Կ.Կարապետյանը։