Կառավարությունն առաջարկում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը հանել նախածննդյան տոների շարքից
Հունվարի 3-ը, 4-ը և 5-ը կառավարությունն առաջարկում է հանել նախածննդյան տոների շարքից: Այս մասին այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը` ներկայացնելով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Ըստ նրա` դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով:
Փոխնախարարը նշեց, որ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է, որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է՝ հասարակական հանդես, հանդիսավոր օր, հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը, իսկ ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել և ստացել նշանավոր դեպքի կամ իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը: Ազգային են կոչվում վաղնջական ժամանակներում ծնունդ առած տոները:
Թ. Ավետիսյանի խոսքով` Հայաստանում, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, և այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը, սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է՝ 36 վճարվող հանգստյան օր:
«Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից»,- ասաց փոխնախարարը:
«Ես չգիտեմ` ում մտքով ա անցել էդ հանգուցյալներին անհանգստացնել` Հրաչյա Աճառյանը ասում է` տոնը հայերեն բառ է, նշանակում ա՝ հասարակական հանդես, հանդիսավոր օր, անցյալում աստվածներին մատուցած զոհը, կենդանիներին զոհ մատուցելը համարվել է տոն: Հիմա կանանց տոնն ի՞նչ կապ ունի էս ամեն ինչի հետ, բերեք հանենք, որովհետև ո՛չ կանանց զոհաբերում ենք, ո՛չ էլ մատուցում աստվածներին»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` դժգոհելով օրինագծերի հիմնավորումներից: Ըստ նրա` դրանք ազատ թեմայով շարադրություններ են, և ոչ թե՝ իրավական հիմնավորումներ:
Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ ՀՀ կառավարությունն իր առջև նպատակ չի դրել հանգուցյալներին անհանգստացնել, բայց համաձայնեց, որ հիմնավորումները հիշեցնում են շարադրություն:
Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանի կարծիքով` նախածննդյան տոները կրճատելու մասին պետք է ներկայացվի նաև հոգևորականների կարծիքը: Նա առաջարկեց հանել նախագիծը քննարկումից և լրամշակել: Փոխնախարարն ընդունեց առաջարկը: