Սահակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան և իշխանությունների «վերջը տալ»
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին խոստացել է վերադառնալ հայրենիք եւ իշխանությունների «վերջը տալ»։
«Իրական վտանգը կարելի է հաղթահարել միայն տնտեսության եւ կենսամակարդակի աճով: Ես մտադիր եմ անձամբ զբաղվել դրանով: Այժմ իմ դեմ մեղադրանքներ են առաջադրված մի նպատակով՝ որպեսզի ես նույնիսկ չմտածեմ Վրաստան վերադառնալու մասին:
Չսպասե՛ք: Ես կգամ Վրաստան եւ բոլոր ծրագրերը կիրականացնեմ իմ թիմի հետ միասին: Ես վրաց ժողովրդին դժբախտության մեջ չեմ թողնի»,-հայտարարել է Սահակաշվիլին: Ուղերձի տեսագրությունը տարածել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները:
Սահակաշվիլին նաեւ խոստացել է ներկայիս իշխանությունների «վերջը տալ նախագահական ընտրություններից հետո»: Վրաստանում Սահակաշվիլիին մեղադրանքներ են առաջադրված մի շարք քրեական գործերով, այդ թվում՝ անձնական կարիքների համար պետական միջոցներից շուրջ 5 մլն դոլար ծախսելու գործով: Նա երկրից հեռացել է 2013 թվականին նոր նախագահի պաշտոնակալությունից անմիջապես հետո: Ավելի ուշ նախկին նախագահին ներպետական հետախուզում է հայտարարվել:
Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտարարում էր, որ Սահակաշվիլիին կձերբակալեն երկրի սահմանը հատելուց անմիջապես հետո: Բացի այդ, Թբիլիսիի դատարանը Սահակաշվիլիին հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտել 2006 թվականին «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով:
Նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել «ծառայողական դիրքի չարաշահում» հոդվածով: Սահակաշվիլին ներում է շնորհել Գիրգվլիանիի գործի հետ առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների, այդպիսով՝ նրանց ազատելով պատասխանատվությունից: Ուկրաինայի իշխանությունները փետրվարի 12-ին Սահակաշվիլիին արտաքսել էին Լեհաստան: Ավելի ուշ քաղաքական գործիչը ժամանել է Նիդեռլանդներ, որտեղ փաստաթուղթ է ստացել Եվրամիությունում ապրելու եւ աշխատելու իրավունքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: