Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կարողությունը գրեթե 1 մլն դոլար է

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անձնական կապիտալը կազմում է 104 մլն իեն (ընթացիկ փոխարժեքով գրեթե 980 հազար դոլար): Այդ մասին ասված է խորհրդարանի ստորին պալատի՝ իր պատգամավորների ունեցվածքի վերաբերյալ ապրիլի 2-ին տարածված պաշտոնական զեկույցում:

NHK հանրային հեռուստատեսությունը նշում է, որ ունեցվածքում ներառված են բանկերում ունեցած ավանդները, անշարժ գույքը, արժաթղթերը: Վարչապետ Աբեի կարողությունը փոքր-ինչ պակասել է 2015 թվականի հաշվետվության համեմատությամբ, երբ այն կազմում էր 105,3 մլն իեն: Դա կապված է նրան պատկանող անշարժ գույքի գնահատման փոփոխության հետ:

Այնուամենայնիվ, Աբեն, որը գլխավորում է կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, կարողության չափով գերազանցում է մյուս այն կուսակցությունների առաջնորդներին, որոնք ներկայացված են խորհրդարանում: Ընդհանուր առմամբ Ճապոնիայի խորհրդարանի՝ հանգուցային ստորին պալատի պատգամավորի միջին կարողությունն այժմ կազմում է 30 մլն իենից (282 հազար դոլար) փոքր-ինչ պակաս:

Դա ամենահամեստ ցուցանիշն է 1993 թվականից ի վեր, երբ այս վիճակագրությունն սկսել է հրապարակվել: Հաշվետվության համաձայն, ամենամեծ կարողություններն ունեն Ճապոնիայում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավորները. նրանց կարողությունը միջին հաշվով կազմում է 37,4 մլն իեն՝ մոտավորապես 352 հազար դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս