«Մենք տեսնում ենք մեկ խնդիր». պաշտպանության նախարար
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողները պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին փոխանցեցին ապրիլյան պատերազմին զոհված սպա Արմենակ Ուրֆանյանի մոր դժգոհությունը, որ իր որդուն ազգային հերոսի կոչում չեն տվել։
Լրագրողների հարցին, թե տեղյա՞կ է այս խնդրին, հանդիպումներ ունեցե՞լ է Արմենակ Ուրֆանյանի մոր հետ, Վիգեն Սարգսյանն այսպես պատասխանեց. «Արմենակ Ուրֆանյանի մայրը հայ մոր փայլուն օրինակ է, մոր, որը սպա է ծնել, դաստիարակել, մոր, որը ցանկացած սպայից ոչ պակաս հասկանում է, թե հայրենիքի պաշտպանությունն ինչ է նշանակում։ Ես հանդիպել եմ Արմենակ Ուրֆանյանի մոր հետ, մեծ հարգանք և մեծ ակնածանք ունեմ իր անձի նկատմամբ։ Իր այդ դժգոհությունը նա նախկինում ևս հայտնել է, երբ ես դեռ նախարար չէի։ Ես նրան բացատրել եմ, որ այդ գործընթացը մեկ անձի կամ փոփոխված նախարարի մակարդակի լուծելու խնդիր չէ։
Յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է, և համադրելով բազմաթիվ հանգամանքներ՝ հատուկ հանձնաժողովներ ներկայացնում են միջնորդություն պաշտպանության նախարարին, նախարարը՝ հանրապետության նախագահին, և կայացվում են այն որոշումները, որոնք կայացվել են»։
Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ պետական պարգևներն ու կոչումները շատ կարևոր միջոց են՝ երախտագիտություն հայտնելու, բայց նա նաև այն կարծիքին է, որ որպես հասարակություն և պետություն՝ հասունացել ենք այնքան, որ չսահմանափակվենք դրանով. «Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, դրանցից մեկը «Դուք մենակ չեք» ծրագիրն է, որով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կցվում է առաջին կուրսի կուրսանտ և ամբողջ ուսման ընթացքում տարին մի քանի անգամ այցելում է այդ ընտանիք։ Դա լուծում է 2-3 խնդիր։ Առաջինը՝ այդ ընտանիքին տալիս է հնարավորություն՝ պահել կապը բանակի հետ, բանակին տալիս է հնարավորություն՝ ներկա լինելով ընտանիքում ՝ հարազատի կարգավիճակով, հասկանալ յուրաքանչյուր ընտանիքի դժվարությունները և փորձել լուծել դրանք, օգնել, և երրորդ՝ դաստիարակում է ապագա սպայի մեջ յուրաքանչյուր զինվորի կյանքի նկատմամբ շատ ուշադիր լինելու, զգոն լինելու առանցքը, որովհետև նրանք իրենց աչքով տեսնում են որդեկորույս ընտանիքի վիշտը»։
Նման ծրագրեր, ըստ նախարարի՝ շատ կան. «Ես չեմ ուզում այսօր խոսել ֆինանսական օգնությունների կամ կատարված ծրագրերի մասին։ Առանց առանձին դեպքեր այս պահին լսելու՝ կարող եմ ձեզ վստահեցնել, որ չկա զոհվածի կամ զինհաշմանդամություն ստացածի նման ընտանիք, որի դեպքը ՊՆ-ին մանրակրկիտ ծանոթ չէ։ Եվ եթե հնարավոր է՝ նաև սահմանված կարգերից դուրս, լրացուցիչ որևէ բան անել, որպեսզի մենք երես թեքենք և չփորձենք դա անել՝ ամենատարբեր ձևերով»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև ապրիլյան պատերազմում կորցրած 800 հեկտարի, Լելե Թեփեն վերադարձնելու անհրաժեշտության մասին։
«Մենք տեսնում ենք անհրաժեշտություն՝ մեր առաջնագիծն ամուր պահելու, մենք տեսնում ենք խնդիր՝ թույլ չտալու, որպեսզի այն զինադադարը, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, որևէ ճեղք տա կամ փոխի իրականությունը դաշտում այնպես, որ խաղաղ բանակցությունների գործընթացը անհնար լինի շարունակել։ Մենք տեսնում ենք մեկ խնդիր՝ մեր պաշտպանությունն ամուր պահել ամենուր, և շատ հստակ տարբերակում ենք մեր ռազմավարական խնդիրներն ու նպատակները՝ մարտավարականներից»,- ի պատասխան՝ ասաց Վիգեն Սարգսյանը։