
Ինքնաթիռների ուղեկցորդուհիներին 72 տարվա ընթացքում առաջին անգամ կազատեն շրջազգեստներից

Հոնկոգի Cathay Pacific առաջատար ավիաընկերությունների ղեկավարությունը 72 տարվա ընթացքում առաջին անգամ ուղեկցորդուհիներին թույլ է տվել աշխատել տաբատներով: Այդ մասին հաղորդել է The Independent-ը:
1946 թվականին ավիաընկերության հիմնադրման պահից ի վեր Cathay Pacific-ի ուղեկցորդուհիների համազգեստը բաղկացած էր սպիտակ բլուզից՝ Cathay Pacific-ի լոգոտիպով, կարմիր շրջազգեստից՝ երկու կտրվածքով, խիտ սեւ գուլպաներից եւ բարձրակրունկ սեւ կոշիկներից:
Չնայած աշխատակցուհիների՝ այդ կանոնի վերացման բազմաթիվ հանրագրերին, շրջազգեստն ինքնաթիռի ուղեկցորդուհիների դրես-կոդի պարտադիր տարրն էր: Սակայն ուղեկցորդուհիների ասոցիացիայի մասնակիցները վերջապես հասան շրջազգեստը տաբատով փոխարինելու իրենց իրավունքին:
«Մենք շնորհակալ ենք ընկերությանը մեզ համազգեստի ընտրության իրավունք ընձեռելու համար: Այժմ այն ոչ միայն մեզ հարմարավետ աշխատանք կապահովի, այլեւ կպաշտպանի մեզ»,- մեկնաբանել է ասոցիացիայի ներկայացուցիչ Պաուլին Մակը: Առաջին անգամ կանայք խնդրել են համազգեստում փոփոխություններ մտցնել 2014 թվականին՝ դա հիմնավորելով նրանով, որ կարճ հագուստը ոտնձգություններ է հրահրում ուղեւորների կողմից: