Բաժիններ՝

«Հենց հակառակորդը վրա տա, Արսենին էդպես բոյով մեկ կանգնեցնելու ենք՝ որպես պաշտպանիչ պատ, ու թող մեկը փորձի առաջ գալ…»

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում ենք: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Մկրտչյանի ուղեկցությամբ մեկնում ենք առաջնագիծ: Գարնանային անձրևները ամբողջ ճանապարհը դարձրել են դժվարանցանելի: Զինվորական արտաճանապարհային ամենագնացը հեշտությամբ հաղթահարում է բոլոր դժվարությունները, և անվտանգ, հակառակորդի կողմից ոչ տեսանելի փոս-ճանապարհով հասնում ենք առաջին հենակետ: Սահմանի այս հատվածում մարտական հերթապահություն են կատարում մայոր Գ. Ներսեսյանի հրամանատարությամբ գործող գումարտակի զինծառայողները: Հենց այս գումարտակն է ընթացիկ ամփոփման արդյունքներով լավագույն ցուցանիշներ գրանցել զորամասում:

Երիտասարդ հրամանատարն անընդհատ շարժման մեջ է: Կապի միջոցներով մերթընդմերթ տեղեկանում է իրենց պատասխանատվության գոտու մյուս հենակետերում իրավիճակի մասին, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ցուցումներ տալիս: Փոխգնդապետ Մկրտչյանի հետ մի պտույտ են կատարում տարածքում, ինչ-որ հարցեր քննարկում, և իսկույն գումարտակի հրամանատարը հանձնարարում է վերացնել ինժեներական կահավորման հետ կապված որոշակի թերություններ:

-Եթե ուզում ենք գերազանց ծառայություն իրականացնել, ուրեմն ցանկացած բացթողում անմիջապես պետք է վերացնել: Ուսումնասիրեցինք գետնատնակից խրամուղի տանող հատվածը և եկանք այն եզրահանգման, որ տվյալ փոփոխության շնորհիվ ավելի արդյունավետ կդառնա անձնակազմի անցումը շրջանաձև պաշտպանության: Ուրեմն էլ ինչո՞ւ սպասել, միանգամից գործի անցանք: Նման գործելաոճը մեր գումարտակում, ամբողջ զորամասում պարտադիր է:

Հաճախ սպաներով պտտվում ենք դիրքերում, աննշան բացթողում նկատելու դեպքում անցնում գործի՝ վերադաս հրամանատարությանը զեկուցելով արդեն կատարված աշխատանքի մասին: Իսկ առաջնագծում անելիք միշտ կա եղանակային ցանկացած պայմանների դեպքում: Պարզապես օրվա գործը պետք է կատարել ճիշտ և ժամանակին՝ չթողնելով վաղվան: Ընդ որում, միայն թերությունները չենք վերացնում. այս կողմում անձնակազմի համար հանգստի գոտի ենք ստեղծում,- նշեց մայոր Ներսեսյանը:

Դիրքը չափազանց կարևոր նշանակություն ունի: Այն փակում է հակառակորդի հավանական հարձակման գլխավոր՝ տանկային գրոհի ուղղությունը՝ համագործակցելով հարևան հենակետերի հետ: Պատահական չէ, որ այստեղ հերթապահող զինծառայողները խիստ ընտրություն են անցնում: Դիրքի ավագն է Արման Նալբանդյանը:

Արդեն տասը տարվա պայմանագրային ծառայության փորձ ունի: Մինչ այդ, պարտադիր ժամկետային ծառայության երկու տարին անցկացրել է Մարտակերտի շրջանի մարտական դիրքերում: Երբ սկսում ենք զրուցել, զորամասի հրամանատարի տեղակալը հանկարծ ուսումնական տագնապ է հայտարարում: Նալբանդյանը արագ ու հստակ հրամաններ է տալիս, անձնակազմը գործում է վարժ, զբաղեցնում սահմանված տեղերը: Դիրքն անցնում է շրջանաձև պաշտպանության: Հրամկազմը գոհ է. ամեն ինչ կատարվեց ճիշտ և գրագետ:

Բոլորը լիցքաթափում են զենքերը, դնում զինանոցում, հանում են զրահաբաճկոններն ու սաղավարտները: Ու մեկ էլ կարծես հայտնվում ենք այլ իրականությունում: Խիստ, լարված մթնոլորտից հետո սկսվում են կատակները, ծիծաղ է հնչում: Տեսնելով զարմացած հայացքս՝ սպաները միաբերան ասում են՝ մեր կատակասերների դիրքն է, այստեղ առանց ծիծաղի, հումորի չեն կարող ծառայել: Ու սկսվում է մեր այցի «ոչ պաշտոնական» մասը:

– Բոլորս էլ կատակել սիրում ենք: Նաև հումորով ենք փորձում հաղթել: Բացի այդ, ամենօրյա լարված ծառայության ընթացքում, երբ հակառակորդը ամեն պահի կարող է սադրանքի դիմել, մի բարի կատակը, հումորով ասված խոսքը կարող է թոթափել լարվածությունը:

Այդ կերպ տղաները նաև ավելի մտերմանում են: Եկեք ծանոթացնեմ մեր գլխավոր հումորասերների հետ,- ասում է Նալբանդյանը, ու միասին մտնում ենք խրամուղի: Խրամաբջիջներից մեկում հերթապահում էր շարքային Սասուն Առուստամյանը: Դեբեդավան գյուղից է, քարտեզից դուրս,- միանգամից սկսվում են կատակները:

Փորձում եմ ծիծաղս զսպել և լուրջ-լուրջ հարցեր եմ տալիս: Իմանում եմ, որ Սասունը մեկ ու կես տարվա պայմանագրային ծառայող է: Մեծ եղբայրն էլ է նույն ստորաբաժանումում ծառայում: Զրուցում ենք առաջնագծում տիրող իրավիճակի, մարտական հերթապահության առանձնահատկությունների մասին: Սասունն իր ապահով խրամաբջջից ցույց է տալիս հակառակորդի դիրքերը, քիչ այն կողմ նրա օգնությամբ տարբերակում եմ ջրամբարն ու գումարտակային զորանոցը: Ոչ մի շարժ նրա աչքից չի վրիպի:

-Կրակոցներ էլ են լինում, բա առանց դրա ո՞նց կլինի,- ասում է Սասունը: -Բայց, դե, զենքը ձեռքիս է, փամփուշտները՝ կողքիս, ինչի՞ց պիտի վախենամ: Ի վերջո, դիմացս ինձ պես զինվոր է կանգնած, որի ամեն քայլը վերահսկում եմ:

– Դժվար թե քեզ պես լինի իրենց զինվորը, դե, դու ուրիշ ես,- լսվում է կողքից, ու միանգամից լուրջ խոսակցությունը վերածվում է համընդհանուր քրքիջի: Ու ծիծաղելով հերթով պատմում են Սասունի հումորային «հերոսություններից»:

Հիշում են, թե ինչպես մի անգամ գումարտակի հրամանատարի տեղակալի ստուգայցի ժամանակ շփոթվում է ևհուզմունքից չի կարողանում հիշել նռնակների անվանումները: Անհարմար իրավիճակից դուրս գալու համար ասում է՝ դե մեկը հարթ է, մյուսը՝ անհարթ:

– Ինձ եք ասում, բայց Տարոնն ավելի հումորով է,- փորձում է իրենից ուշադրությունը շեղել «գլխավոր հումորասերը», և ստացվում է: Բոլորը հիմա էլ իրար հերթ չտալով ներկայացնում են սերժանտ Տարոն Բեգլարյանին:

– Ա՜յ, էն գյուղը տեսնո՞ւմ եք թիկունքում, Բերդավանն է: Տարոնը այդ գյուղի փեսա է, եկել է աներոջն ու զոքանչին պաշտպանելու,- ու նորից դիրքերում հնչում է բարձր ծիծաղը:

Ի զարմանս ինձ, Տարոնը շատ լուրջ է: Գնդացրորդ է, 2008 թ. պայմանագրային ծառայության մեջ է:

-Տեղանքը անգիր գիտեմ, մարտական հերթապահության ընթացքում այլևս որևէ դժվարություն չկա ինձ համար: Այս տարիների ընթացքում տարբեր իրավիճակներ են եղել, նաև մարտական: Պատահել է՝ մեր ուղղությամբ են կրակել: Առանձնապես ոգևորիչ են եղել հակառակորդին պատժելու օրերը: Հիշում եմ, այդպիսի մի օր իմ դիտարկման տեղամասում մեր տղաների կրակից նրանց տեխնիկայի թափքը թռավ օդ:

Գումարտակի հրամանատարի տեղակալը բարձրացնում է քողարկիչ շերտը, հարցնում՝ ինչպե՞ս եք, ու նույն պահին Տարոնի լրջությունը կարծես հօդս է ցնդում. ասում է՝ համեցե՛ք, պարոն մայոր: Ու նորից անցում ենք կատարում կատակներին:

Մեր ուրախ զրույցը դեռ երկար է շարունակվում: Ծանոթանում եմ դիրքի տղաներից էլի մի քանիսի հետ: Ասում, խոսում, ուրախանում ենք, ու մեր տղաների բարձր ծիծաղը հաստատ լսվում է հակառակորդի դիրքերում: Նաև իրենց ծիծաղով են նրանք ապացուցում, որ ամուր կանգնած են իրենց դիրքերում, ու կարծես ասում են թշնամուն՝ դե, համեցե՛ք, թե կարող եք, բայց, մի՛ մոռացեք, որ ձեզանից վախեցող չկա: Այստեղ Սասունն է, Տարոնը, Արմանը, ութ երեխաների հայր Սարգիսը, մյուսները:

Արդեն ուզում ենք հրաժեշտ տալ դիրքի ուրախ տղաներին, երբ գետնատնակին մոտենում է հերթափոխը նոր հանձնած Արսեն Հովսեփյանը: Միանգամից աչք է զարնում նրա բարձր հասակը: Պարզվում է՝ 1.90 մետր է, ու այստեղ էլ անմասն չենք մնում հումորի նոր չափաբաժնից:

-Մեր Արսենի, մեր Աշխարհաբեկի բոյը մեզ շատ է օգնում: Միայն տեսնեք նրան ամբողջովին հանդերձավորված, լրիվ բոյեվիկ է: Մտածում ենք, հենց հակառակորդը վրա տա, Արսենին էդպես բոյով մեկ կանգնեցնելու ենք՝ որպես պաշտպանիչ պատ, ու թող մեկը փորձի առաջ գալ…

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.՝
 ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
hayzinvpr.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30