Բաժիններ՝

Հայոց ցեղասպանությունը չպետք է հերքվի. Բունդեսթագի պատգամավորի համար անընդունելի է Էրդողանի միջամտությունը Գերմանիայի ներքին գործերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ Գերմանիայում բողոքի ցույցեր հրահրելու նախաձեռնությունը բացարձակապես անընդունելի է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գերմանիայի Ձախերի կուսակցության անդամ, Բունդեսթագի քրդական ծագում ունեցող պատգամավոր Էվրիմ Սոմմերը:

Նա ընդգծեց, որ առհասարակ պետք է մերժվեն օտարերկրյա կառավարությունների կողմից սեփական շահից դրդված փորձերը՝ ազդելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին քաղաքական որոշումների վրա: Սոմմերի համոզմամբ՝ Գերմանիայում գործող թուրքական ազգայնական Osmanen Germania Rocker խմբավորումն ակնհայտորեն դրսևորում է իրեն որպես թուրքական կառավարության ներկայացուցիչ:

«Լրատվամիջոցները հաղորդում են, որ փորձ է արվել այստեղ բնակվող թուրքական ծագում ունեցող անձանց շրջանում բողոքական տրամադրություններ հրահրել՝ կապված Բունդեսթագում այն բանաձևի ընդունման հետ, որը ճանաչում էր 1915/16 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն: Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը լավ ուսումնասիրված պատմական փաստ է, որն այսուհետ չպետք է հերքվի: Պատմական փաստերը պետք է ճանաչվեն, անգամ եթե դրանք հարցականի տակ են առնում պետության հիմնադրման միֆերը: Պետական ժխտողականության քաղաքականությունը պահպանում է գաղափարախոսական կյանքի սուտը, որի հիման վրա կառուցվել և մինչ այժմ հիմնված է Թուրքիայի Հանրապետությունը»,- ընդգծեց Բունդեսթագի պատգամավորը: Նրա համար բացարձակապես անընդունելի է, որ Թուրքիան փորձում է Գերմանիային պարտադրել զանգվածային հանցագործությունները ժխտող իր իսկ պատմական դոկտրինը՝ այն հանցագործությունների, որոնք տեղի են ունեցել ազգ-պետություն գաղափարախոսության վրա կառուցված ժամանակակից Թուրքիայի հիմնադրումից թե առաջ, թե դրա ընթացքում:

Նա նշեց, որ թուրքական պետությունը և առհասարակ Թուրքիայում իրականացվող քաղաքականությունը չի առերեսվում անցյալի հետ, ինչի հետևանքով էլ այս ընթացքում բարձրացված շատ սոցիալական խնդիրներ, ինչպես, օրինակ, պետության կողմից հրահրված ազգայնականությունն է, մեր օրերում էլ շարունակվում են և թողնում են իրենց աղետալի հետևանքները:

Ավելի վաղ գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ հրահանգել է Գերմանիայում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ կապված 2016 թվականի հունիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ:

Գերմանիայի ոստիկանության կողմից ձայնագրված հեռախոսազրույցում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը հունիսի 1-ին (Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից մեկ օր առաջ) զանգահարում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլունքին, ով այդ ժամանակ Բեռլինում էր և զբաղվում էր բողոքի ցույցերի կազմակերպմամբ:

Արաքս Կասյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս