Ներմուծման անբացատրելի աճի բացատրությունը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2 օր առաջ՝ մարտի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գծապատկերներ հրապարակեց, որոնք արտացոլում էին 2017-2018 թթ․ հունվար և փետրվար ամիսների ներմուծման համեմատական արդյունքները՝ ըստ որոշ ապրանքատեսակների։ «Զգալի աճ է գրանցվել հատկապես մարդատար ավտոմեքենաների և կենցաղային տեխնիկայի ներմուծման ցուցանիշներում»,- գրել էր վարչապետը։
Տվյալների հետաքրքրությունը նրանում էր, որ ներկայացված էին առանձին ապրանքների ներմուծման բնեղեն ծավալները (այսքան հատ ավտոմեքենա, այսքան տոննա սուրճ և այլն)։ Նշենք, որ ո՛չ Մաքսային ծառայությունը, ո՛չ էլ Ազգային վիճակագրական ծառայությունը նման տվյալներ (առանձին ապրանքների գծով) 2 ամսվա կտրվածքով չեն հրապարակում։
Մասնավորապես, Մաքսային ծառայությունը արտաքին առևտրի տվյալները քառանիշ կոդով հրապարակում է կիսամյակային կտրվածքով, և 2017 թվականի տարեկան տվյալները դեռ չեն ամփոփվել։ Իսկ ԱՎԾ-ն այդ տվյալները հրապարակում է տարեկան կտրվածքով և ավելի ուշ։ Այսինքն, վարչապետի էջում ներկայացված տվյալները, այսպես ասած, աշխատանքային տվյալներ են, և դրանց ամբողջական ցանկը դեռ հասանելի չէ հանրությանը։
Հիմա գանք զգալի աճին։ Առանձնացվել էին 4 խոշոր ապրանքախմբեր՝ սննդամթերք, հագուստ, կենցաղային տեխնիկա և ավտոմեքենաներ։ Յուրաքանչյուրի համար կազմվել էր առանձին գծապատկեր, և յուրաքանչյուր գծապատկերում տեղ են գտել ամենից շատ աճ գրանցած և ներմուծման մեջ ամենից ավելի մեծ ծավալ ունեցող ապրանքները։
Մի շարք ապրանքների ներկրումը բնեղեն արտահայտությամբ կտրուկ աճ է ունեցել։ Օրինակ, սուրճի ներմուծումն աճել է 1.5 անգամ. այս տարվա հունվար-փետրվարին ներկրվել է 1792 տոննա սուրճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1222 տոննայի դիմաց։ Մսամթերքի և երշիկեղենի ներմուծումն աճել է 45%-ով, ցիտրուսային պտուղներինը՝ 35%-ով, և այլն։
Հագուստի խմբում՝ կանացի հագուստի ներմուծման ծավալներն աճել են 2.3 անգամ՝ 63 հազար հատից հասնելով 145 հազար հատի։ Գործվածքների ներմուծումը բնեղեն արտահայտությամբ կրկնապատկվել է, և այլն (մանրամասները կարող եք տեսնել գծապատկերներում)։
Ինչի՞ մասին են «խոսում» այս աճերը։ Կամ, ավելի ճիշտ՝ ի՞նչ է ցանկանում կառավարությունն ասել սրանով, հատկապես, որ խոսքը ոչ թե արտահանման մասին է, որի աճով կարելի էր պարծենալ, այլ՝ ներմուծման։
Մի կողմից՝ այս աճը մեկնաբանվում է՝ որպես բնակչության գնողունակության աճի ապացույց։ Այսինքն՝ տնտեսական աճն իր արդյունքն է ունեցել, մարդկանց եկամուտներն ավելացել են և նրանք սկսել են ավելի շատ սպառել։ Մյուս անուղղակի մեսիջն այն է, որ մաքսային վիճակագրությունը հստակեցվել է։
Այսինքն, եթե նախկինում Թուրքիայից կամ Չինաստանից կանացի հագուստի մի զգալի մասը մաքսայինում ձևակերպվում էր այլ՝ ավելի էժան ապրանքների անվան տակ, այսօր այդպես չէ. ինչ բերում են, այդպես էլ ձևակերպվում է։
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին ՊեԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց «Նորֆոլկ Քընսալթինգ» կոչվող ընկերությունը, որը փոխարինեց կարգոներին և իր վրա վերցրեց մանր ու միջին առևտրականների ներմուծած ապրանքների մաքսազերծման գործը։ Կարճ ասած, ստվերն էապես կրճատվել է. սա է հասկացնում կառավարությունն այս թվերով։
Սակայն գծապատկերների մեջ կային թվեր, որոնք այն աստիճանի մեծ են, որ որևէ բացատրության չեն ենթարկվում։
Ամենաանհասկանալին սառնարանների ներկրումն է։ Գծապատկերների համաձայն, 2018 թվականի առաջին 2 ամիսներին Հայաստան է ներկրվել 8.3 մլն հատ սառնարան՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 1.9 մլն հատի դիմաց։ 3 մլն բնակչության համար այս թվերն անիրական են։ Սոցիալական ցանցերի օգտատերերը երեկ փորձում էին հասկանալ՝ այս թիվն ինչպես է ստացվել։ Իսկ երեկ առավոտյան վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «168 Ժամին» պարզաբանեց, որ սառնարանների պահով գործ ունենք վրիպակի հետ։
«Տեղի է ունեցել ընդամենը տեխնիկական վրիպակ՝ չափման միավորի հետ կապված՝ սառնարանների բաժնում այն նշվել է որպես «հազար հատ»՝ ուղղակի «հատ»-ի փոխարեն: Այսպիսով, 2018թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստան է ներմուծվել 8322 սառնարան, սառցարան և սառեցնող այլ սարքավորում՝ 6424-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- նշել էր Ա. Արարատյանը:
Սակայն տարակուսանք առաջացնող մյուս տվյալների մասով վրիպակ չկա. ասում են՝ թիվը ճիշտ է։ Ամենից շատ աչք ծակող ցուցանիշը վերաբերում է գուլպաների ներմուծմանը։ Այսպես, ներկայացված տվյալների համաձայն, 2018 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 43.7 մլն զույգ գուլպա։
Համեմատության համար նշենք, որ 2017-ի առաջին երկու ամիսներին ներկրվել էր ընդամենը 1.8 մլն զույգ։ Գուլպաների ներկրումն աճել է 24 անգամ։
Մեծ ցանկության դեպքում կարելի էր այս թռիչքաձև աճը նույնպես բացատրել մաքսային վիճակագրության ճշգրտմամբ. այսինքն՝ ենթադրել, որ նախկինում էլ է նույնքան գուլպա ներկրվել, սակայն թիվը քիչ է ցույց տրվել։
Սակայն 43.7 մլն զույգ գուլպան՝ 2 ամսում, Հայաստանի նման փոքր շուկայի համար անհավատալի մեծ թիվ է։ Սա նշանակում է, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ՝ նորածնից մինչև թոշակառու, 4 օրը մեկ նոր «իմպըրտնի» գուլպա է հագնում։ Համաձայնեք, որ իրատեսական չէ։
Նույնքան զարմանալի է պայուսակների վիճակագրությունը։ Ըստ տվյալների, 2018 թվականի հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 937 հազար պայուսակ։
Ակնհայտ է, որ հայաստանյան շուկան չէր կարող 2 ամսում «տեղավորել» անգամ այդ քանակի կեսի կեսը։
Ուրեմն ինչո՞վ կարող են բացատրել որոշ ապրանքատեսակների թռիչքաձև աճերը։ Ճիշտ է՝ վերարտահանմամբ։ Այդ գուլպաները և պայուսակները սպառվել են ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանի միջոցով մտել են եվրասիական շուկա (մասնավորապես՝ Ռուսաստան)։ Այլ բացատրություն լինել չի կարող:
Ավելի հստակ պնդելու համար ճիշտ կլիներ դիտարկել նաև նույն՝ 2018-ի առաջին 2 ամիսների արտահանման ցուցանիշները, սակայն դրանք չեն հրապարակվել։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում էլ հունվար-փետրվարի արտաքին առևտրի տվյալները դեռ չկան, սակայն հունվար ամսվա տվյալները հասանելի են։ Ըստ այդմ, 2018 թվականի հունվարին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվել է մոտ 15 մլն զույգ գուլպա և նման արտադրանք (արտաքին առևտրի 6115 կոդ)։ Համեմատության համար նշենք, որ 2017-ի հունվարին նույն ապրանքից արտահանվել էր ընդամենը 95 հազար զույգ։
Մի քանի օր անց Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կհրապարակի նաև հունվար-փետրվարի տվյալները, և դրանք համադրելով մեր ներմուծումների հետ՝ ավելի կոնկրետ կներկայացնենք պատկերը։
Ամեն դեպքում, եթե խոսքը վերաբերում է վերարտահանմանը, ապա հագուստի և գուլպաների ներմուծման կտրուկ աճով հպարտանալ չի կարելի, այն ոչ մի բանի մասին չի վկայում, պարզապես ցույց է տալիս, որ մի շարք գործարարներ բավականին հաջող բիզնես-գծի վրա են դուրս եկել։
Նույն կերպ, շատ անհասկանալի կլինի, եթե կառավարությունը որոշի հրապարակել որոշ ապրանքների գծով արտահանման տվյալների կտրուկ աճերը։ Դա կնշանակի, որ մենք արտահանում ենք ապրանքներ, որոնք չենք արտադրում։ Ու արտահանման աճը կդառնա ընդամենը ինքնանպատակ մի ցուցանիշ։ Հուսանք՝ նման հրապարակումների ականատես չենք դառնա։