NASA-ն աստղադիտակ է դուրս բերելու ուղեծիր արտամոլորակների որոնման համար
Միացյալ Նահանգների տիեզերական գերատեսչությունը՝ NASA-ն, ավարտում է ապրիլի 16-ին նոր աստղադիտակ ուղեծիր դուրս բերելու վերջին նախապատրաստությունները՝ կյանքի համար պիտանի մոլորակների որոնման նպատակով: NASA-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար Ջորջ Ռիքերը, խումբ, որն զբաղվում է այս ծրագրի իրականացմամբ:
Նրա խոսքով՝ հատուկ հանձնաժողովը մարտի 15-ին հաստատել է Transiting Exoplanet Survey Satellite (TESS) կոչվող ապարատի պատրաստությունը թռիչքին: Քանավերալի հրվանդանի (Ֆլորիդայի նահանգ) տիեզերակայանից արձակման համար կօգտագործվի SpaceX ընկերության արտադրության Falcon 9 տանող հրթիռը: «Մենք ակնկալում ենք, որ TESS-ը կհայտնաբերի մի շարք մոլորակներ, որոնց մթնոլորտի քիմիական բաղադրությունը կարող է հետաքրքրություն ներկայացնել կենսաբանական տեսակետից»,- նշել է Ռիքերը: Ինչպես, իր հերթին, ասել է NASA-ի ներկայացուցիչ Սթիվեն Ռայնհարթը, այդ աստղադիտակը «հետազոտությունների համար դուռ է բացում միանգամայն այլ մակարդակով»:
«Մենք կկարողանանք ուսումնասիրել առաձին մոլորակներ եւ քննարկել դրանց միջեւ եղած տարբերությունները: Դա նոր դարաշրջան է արտամոլորակների հետազոտության բնագավառում»,- ընդգծել է նա:
TESS-ն իր երկամյա առաքելության ընթացքում կկենտրոնանա այն աստղերի վրա, որոնք գտնվում են Երկրից մինչեւ 300 լուսային տարի հեռավորության վրա: Ենթադրվում է, որ աստղադիտակը, որը հանդերձված է չորս լայնանկյուն խցիկներով, կուսումնասիրի ավելի քան 200 հազար աստղեր՝ դրանց պայծառ ֆոնի վրա մանրիկ բծեր բացահայտելու նպատակով, որոնք կարող են մոլորակներ լինել: Ընդամենը գիտնականները մտադիր են հայտնաբերել մի քանի հազար արտամոլորակներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: