Լյուքսեմբուրգը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման գործում. Արմեն Սարգսյանն ընդունել է Ժան Ասելբորնին
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ։
Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, նախարար Ասելբորնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով եւ մաղթել հաջողություններ:
Նա վստահեցրել է իր երկրի շահագրգռությունը Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման գործում։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, որի համատեքստում կարեւորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ստեղծվող հնարավորությունները։ Խոսվել է նաեւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ: Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ուսանելի է համարել Լյուքսեմբուրգի մեծ փորձը բանկային, ֆինանսական եւ ապահովագրական ոլորտներում: