«Փոխանցիր մայրիկին, որ ես սիրում էի նրան». հայ մորաքույրը վերջին անգամ խոսել է Կեմերովոյում զոհված զարմուհու հետ
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված հրդեհի հետևանքով գրանցված 64 զոհերի 41-ը երեխաներ են: Նրանց բարեկամները մինչև հիմա չեն կարողանում ուշքի գալ կատարված ողբերգությունից:
Ինչպես հաղորդում է Комсомольская Правда-ն, հրդեհի հետևանքով զոհված երեխաներից մեկի՝ Վիկա Պոչանկինայի մորաքույրը՝ Եվգենյա Հովհաննիսյանը, պատմել է զարմուհու հետ վերջին խոսակցության մասին:
Նա հայտնել է, որ կրակների մեջ հայտնված կինոթատրոնից երեխան զանգահարել է իրեն և հրաժեշտ տվել: «Փոխանցիր մայրիկին, որ ես սիրում էի նրան»,- ասել է Վիկա Պոչանկինան:
«Ինչի՞ համար էին այս տանջանքներ, մեր հրեշտակ, չէ՞ որ դու արժանի էիր լուսավոր ու երջանիկ կյանքի… Սակայն այս սարսափը դեմ գնաց ճակատագրին»,- նշել է Եվգենյա Հովհաննիսյանը:
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված խոշոր հրդեհը և դրա հետևանքով գրանցված ողբերգությունը շարունակում է մնալ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին տվյալներով զոհերի թիվը 64-ն է: Հոսպիտալացվել է 14 մարդ, այդ թվում և 3 երեխա, 53-ը բուժումը ստանում են ամբուլատոր պայմաններում: Որոշ աղբյուրներ մարտի 26-ին հայտնել էին 16 անհետ կորածի մասին:
Կեմերովոյի բնակիչները քաղաքային ադմինիստրացիայի մոտ մարտի 27-ի առավոտյան լայնամասշտաբ բողոքի ցույց են սկսել՝ պահանջելով տեղական իշխանությունների հրաժարականը: Նրանք պնդում են, որ զոհերի և տուժածների մասին հրապարակված պաշտոնական թիվը չի համապատասխանում իրականությանը: