
Չինաստանի ԱԳՆ-ն չհաստատեց երկիր ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի ժամանելու տեղեկատվությունը

ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը չի կարող հաստատել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի՝ Չինաստան ժամանելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մարտի 27-ին կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը։
«Մենք գաղափար չունենք, թե ինչի մասին է խոսքը. եթե մենք դրա վերաբերյալ տեղեկատվություն ունենանք, հասարակայնությանը կտեղեկացնենք»,-նշել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին:
Մարտի 26-ին ճապոնական ԶԼՄ-ները հայտնել էին ԿԺԴՀ-ի՝ անունը չնշված բարձրաստիճան ներկայացուցչի՝ Չինաստան ժամանելու մասին: Bloomberg գործակալության տվյալներով՝ երկիր է այցելել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, սակայն մարտի 27-ին «Հանգուկ իլբո» հարավկորեական թերթը տեղեկացրել է, որ որպես վստահված անձ հատուկ ուղեւորությամբ Պեկին կարող էր ժամանել ԿԺԴՀ-ի գերագույն ղեկավարի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը:
Հրատարակության վարկածով՝ նրա այցի նպատակն է ՉԺՀ-ի ղեկավարությանը ներկայացնել Փհենյանի քաղաքականության մեջ կատարված վերջին փոփոխությունները, ներառյալ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ղեկավարներ Մուն Չժե Ինի եւ Դոնալդ Թրամփի հետ Կիմ Չեն Ընի հանդիպումներին նախապատրաստվելը: