Վահրամ Բաղդասարյանը՝ «իշխանությունը հրապարակում «քցած» լինելու»՝ ընդդիմության հայտարարության մասին

«Արդեն երկար ժամանակ համբերել եք, ևս մի քանի օր համբերեք, ու մենք դրա հանգուցալուծումը կտանք, մոտ ժամանակներս կկայացնենք որոշում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով վարչապետի իրենց թեկնածուի մասին:

Հարցին՝ մե՞կ, թե՞ մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ լրագրողները լավ գիտեն, թե քանի թեկնածուի անուն է շրջանառվում:

Հարցին՝ ՀՀԿ-ին չե՞ն անհանգստացնում զինված պայքարի կոչերը, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Դուք պետք է որ զգաք, որ մենք ոչ մի անհանգստություն չունենք: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ճանապարհային քարտեզը, ինքն է որոշում իր պայքարի ձևը: Ես հասկանում եմ, երբ արտախորհրդարանական ուժերն ուզում են փողոցն օգագործել, բայց հասկանալի չէ՝ խորհրդարանական ուժեր, որոնք կարող են  խորհրդարանը թողնել և գնալ փողոցային պայքարի ճանապարհով: Համենայն դեպս, ժամանակը ցույց կտա, դրա հիմքերը, իմ կարծիքով՝ չկան»:

Լրագրողի հարցին՝ խորհրդարանում հնարավո՞ր է իշխանություն փոխել, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ խորհրդարանը միտված է հենց դրան. «Ընտրությունների միջոցով է, որ պետք է իրականանա իշխանափոխությունը»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ իշխանափոխության համար կարող է միշտ պայքար լինել, բայց, ըստ նրա, պետք է դրա համար հիմքեր լինեն. «Այդ պատճառով, նրանք շատ հանգիստ պետք է սպասեն 2022 թվականին»:

Հարցին էլ՝ ի՞նչ վատություն է արել Սերժ Սարգսյանը ժողովրդին, որ ընդդիմությունը և ժողովուրդը պայքարում են նրա դեմ, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Ընդդիմությանը միշտ ձեռք է տալիս ավելի թույլ ղեկավար, նախագահ, որովհետև թույլ ղեկավարի դեպքում նրանք իրենց նպատակին ավելի շուտ կարող են հասնել: Երբ նրանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեսնում են իրենց ռեսուրսները, այդ պահին գոհ են մնում իրենց վաստակած ձայներից, բայց իրենց վերջնական նպատակին հասնելու համար այդ ձայները չի բավարարում, և նրանք իրենց իսկ մտածելակերպով մտածում են, որ ուժեղ իշխանության դեպքում իրենք իրենց նպատակներին չեն կարող հասնել»:

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե հնարավո՞ր է իշխանությունը խոցելի լինի այն փուլում, երբ Ս. Սարգսյանի լիազորությունները դադարեցված լինեն, ինչպես ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունը հրապարակում «քցած» է լինելու՝ Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Ես դրան հումորով եմ վերաբերվում:  Իշխանությունը մի արկղ չէ, որ գնան ու վերցնեն, իշխանությունը վերցնելու համար հիմքեր են պետք»:

Խոսելով զենքով պայքար մղելու կոչերի մասին՝ Վ. Բաղդասարյանը նշեց, որ ոչ մի երկրում դա լավ արդյունքի չի բերել. «Մենք թույլ չենք տա, որ ներքաղաքական իրավիճակը քայքայելու, ինչ-որ մարդկանց նեղ նպատակներն իրագործելու համար զենքի ուժով կարողանան մեր ներքաղաքական իրավիճակը քայքայել, և մեր երկիրն իր բնականոն հունից հետ գցեն»:

Տեսանյութեր

Լրահոս