«Կարծում եմ՝ պարոն Քոչարյանի ինքնազգացողությունն ամբողջությամբ վերականգնվել է». Նիկոլ Փաշինյան

«Գևորգ Կոստանյանը դեռ հանձնաժողովում քննարկումների ժամանակ ասաց, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները ստանան փոխհատուցում»,- այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության հեղինակած 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ նույն հանձնաժողովի նիստի ժամանակ ինքը բարձաձայնել է, թե ինչպե՞ս են ՀՀ-ում Մարտի 1-ի զոհերի հարազատները ստանալու փոխհատուցում. «Ես չեմ ուզում խորանալ և ասել, թե ինքն ի՞նչ դրույթ նկատի ունի: Քանի որ ինքն է պնդման հեղինակը, թող Պարոն Կոստանյանը ինքը բարձրաձայնի և ասի, թե ինչպես պետք է Մարտի 1-ի զոհերի հարազատները ստանան փոխհատուցում»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Ն. Փաշինյանը գնահատում լսումներից Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հնչեցված գնահատականներին:

Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց. «Դուք գիտեք, որ պարոն Քոչարյանը վատ էր զգացել իրեն, որ ընդդիմության ներկայացուցիչները Ազգային ժողովի դահլիճում կազմակերպել էին լսումներ: Կարծում եմ՝ հիմա որոշ ժամանակ է անցել, պարոն Քոչարյանի ինքնազգացողությունն ամբողջությամբ վերականգնվել է, և նա հիմա առաջվա պես է զգում իրեն ու ունի բավարար առողջություն, որ նախաքննության հարցերին պատասխանի և ցուցմունքներ տա»:

Տեսանյութեր

Լրահոս