Ամասիայում բրդից թելեր ստանալու արտադրամաս է հիմնվելու
Եվրամիությունը Շիրակի մարզի մի շարք շրջանների, հատկապես՝ գյուղական բնակավայրերի զարգացման ուղղված մի շարք ծրագրեր է իրականացնում:
Դրանցից մեկի համաձայն, Ամասիայում բրդի վերամշակման ոլորտում Եվրամիությունը պատրաստվում է 1 միլիոն եվրոյի ներդրում կատարել։
Ծրագրի համաձայն՝ հիմնվելու է բրդից թելեր ստանալու արտադրամաս: Վերջինիս շնորհիվ զարգանալու են Ամասիայի միավորված 10 գյուղեր:
Ծրագրի ֆինանսավորումը 350 հազար եվրո է կազմում, որից 100 հազարը ծախսվելու է բրդի վերամշակման սարքավորումներ ձեռք բերելու համար:
Բուն արտադրական գործընթացն իրականացնելու համար, բացի տեղական արտադրության սարքավորումներից, օգտագործվելու են նաև Չինաստանից և Իտալիայից բերված սարքավորումներ:
Կարևորելով Եվրամիության հետ համագործակցությունը, Շիրակի մարզպետն էական նշանակություն է տալիս Եվրամիության կողմից Հայաստանում, մասնավորապես, Շիրակի մարզում իրականացվող ծրագրերին:
Վերջերս էլ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպել է ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոյին՝ ասելով.
«2017-ին մենք համատեղ շատ արդյունավետ աշխատեցինք մարզի զարգացման ռազմավարությունը մշակելիս, ինչի համար շատ ուրախ եմ, վստահ եմ, մեր աշխատանքը կլինի շարունակական, մենք պատրաստ ենք համագործակցելու և համատեղ աշխատելու: Եվրամիությունն՝ ի դեմս ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, իրականացրել և շարունակում է իրականացնել տարածքային զարգացման հետ կապված մի շարք ծրագրեր, ինչն իսկապես մեզ համար կարևոր է»:
Նշենք, որ Եվրամիության և Հայաստանի կառավարության աջակցությամբ դրամաշնորհային ութ ծրագրեր են իրականացվելու: Այս նախագծերով Հայաստանի շրջաններում նախատեսվում է 500 նոր աշխատատեղի և մոտ 300 ձեռնարկությունների ստեղծում:
Անահիտ Սիմոնյան