Բաժիններ՝

«Բողոքող ուսանողների վրա ճնշումներ են գործադրվում». ՇՊՀ ուսխորհրդի նախագահ

Այսօր Գյումրու Սախարովի անվան մարդու իրավունքների կենտրոնում ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը և մի խումբ ուսանողներ ասուլիս էին կազմակերպել:

Դրա ընթացքում անդրադարձ կատարվեց Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող իրադարձություններին:

Արմեն Մելքոնյանը նշեց, որ բողոքող ուսանողների թիվը գնալով ավելանալու է, հնարավոր է՝ իրենց միանան նաև Երևանից ժամանած ուսանողներ: Հիմա պատմության կուրսերն են դասադուլ անում, այլ ֆակուլտետներից ևս իրենց ուսանողներ են միանում:

Բերելով մի քանի փաստական օրինակներ՝ Ա.Մելքոնյանը նշեց, որ բողոքող ուսանողների վրա ճնշումներ են գործադրվում մի քանի եղանակներով.

«Հաղորդումներ եղան, որ դիմել են այն դպրոցների տնօրեններին, որտեղ սովորել են ուսանողները, որպեսզի տնօրեններն իրենց մոտ հրավիրեն նրանց, որ իրենք բողոքի ակցիաներին չմասնակցեն: Անգամ զանգում են ուսանողների ծնողներին, ուսանողներին՝ ասելով՝ քեզ պետք չէ, մեկ է՝ խումբն անվճռական է, դարձել են գործիք: Պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ ոչ մեկն անվճռական չէ, խումբը հեռու է 10 հոգանոց լինելուց, այն հսկայական է, շարունակելու է ծավալվել, Երևանից մեր գործընկերներն ու ուսանողական խորհուրդները ցանկանում են գալ, միանալ մեր բողոքին: Մեր վճռականությունն ունենալու է իր արդյունքը:

Դասադուլավոր ուսանողների հետ կապված մի հավելում անեմ: Բուհի գիտական խորհրդում հնչեցվեց իմ համար տարօրինակ մի կարծիք, որը մինչև հիմա չեմ կարող հասկանալ: Դրա համաձայն՝ պետք է բուհում կազմակերպվեն ուսանողների ծնողական ժողովներ, մի բան, որն ամբողջ Հայաստանում չկա: Ինչպե՞ս ես դու հասուն, գիտակից մարդուն ուսանողական ժողով հրավիրում: Հետո էլ մի բարձրաձայնում եղավ, թե՝ բերեք «ժողով» բառը փոխենք «ծնողական խորհրդակցություններ» բառակապակցությամբ:

Ի զարմանս ձեզ, ասեմ, որ այդ հայտարարությունն արեց հոգեբանության ամբիոնի վարիչը, որ պետք է հոգեբանորեն ներազդեն ուսանողների վրա: Իրենք գիտեն, թե գործ ունեն ոչ գիտակից մարդկանց կամ գործիքակազմի հետ»,- ասաց Ա.Մելքոնյանը:

Արմեն Մելքոնյանը նաև նշեց, որ իր վրա մեծ տպավորություն է թողել բուհի նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանի հացադուլը, որը ցնցեց ամբողջ հանրապետությունը:

Մյուս կարևոր խնդիրը, ըստ ուսանողների, բուհի գիտական խորհրդի թափանցիկ գործունեության ապահովումն է, ձայնագրությունները լրագրողներին ներկայացնելն է և բուհը որակյալ կադրերով ապահովելը:

Բուհը կորցնելով իր լավագույն մասնագետներին՝ գնալով որակազրկվում է, պատմության ամբիոնը կորցնում է իր գոյության իմաստը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս