Զարուհի Փոստանջյանը մեղադրեց Արամ Սարգսյանին և Անահիտ Բախշյանին՝ Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից պաշտոն և մեդալ ստանալու մեջ

««Ելքը» ստեղծվել էր՝ որպես արհեստական միավոր այն մարդկանց կողմից, ովքեր մի շաբաթ առաջ  իրար ուղղակի հայհոյում էին: Հասկանալի է, որ ձեր ստեղծողը ցանկանում է այսօր ձեզ պառակտել ու պառակտում է: Այդքան ցավով մի վերաբերվեք այդ պառակտմանը»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Խոսելով իրենց՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանափոխելու նախագծի մասին՝ Զ. Փոստանջյանն ասաց.  «Ինչ վերաբերում է նրան, թե այս նախագծի հետևում ինչ-որ մարդիկ են կանգնած եղել, այդ ձեր պապաներն են կանգնած եղել այն իրադարձությունների հետևում, որ մեր հանրապետությունում տեղի են ունեցել 1996 թվականից: 1996 թվականի իրադարձությունների մեջ  ներգրավված են եղել և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Վազգեն Սարգսյանը: Հիմա եթե մենք բացենք և ընթերցենք այդ օրերի Անվտանգության խորհրդի արձանագրությունը, կտեսնեք՝ ինչ հայտարարություններ են արել այդ մարդիկ»:

Նա հայտարարեց, որ Արամ Սարգսյանն այն գործիչներից մեկն է եղել, որ «ծախվել է». «Արամ Սարգսյանը, որ ամպագոռգոռ բաներ է խոսում իր կնքահոր մասին, այն ժամանակ խոսեիք, որ վեց ամիս շարունակ Ռոբերտ Քոչարյանի կեղտոտ, արյունոտ ձեռքերից վերցրել էր վարչապետության պաշտոնը և պաշտոնավարում էր: Իսկ Սերժ Սարգսյանի կեղտոտ, արյունոտ ձեռքերից այս տիկինը, որը նաև իմ գործընկերն էր, այդ արյունոտ ձեռքերից մեդալ էր վերցնում: Այդ ժամանակ ի՞նչ էր մտածում այդ տիկինը: Իր ամուսնու սպանության մեջ մեղադրվող անձի ձեռքերից մեդալ էր ստանում: Սա է մեր պատկերը, բարոյականությունը»:

Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանն արձագանքել է Զ. Փոստանջյանի հայտարություններին՝ ասելով, որ այն իրեն «ցավեցրել է»:

Տեսանյութեր

Լրահոս