«Գուցե չպետք է վերցնեի այդ մեդալը». Անահիտ Բախշյանին ցավ է պատճառել Զարուհի Փոստանջյանի ելույթը

«Զառան ինձ ցավեցրեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ խոսելով «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթի մասին:

Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը Ա. Բախշյանի վերաբերյալ ասել էր, որ նա իր ամուսնու սպանության մեջ մեղադրվողի «արյունոտ ձեռքերից» մեդալ է ստացել:

Ա. Բախշյանը նկատեց, որ, թեև իրենք եղել են թիմակիցներ, բայց այսօր իրար վրա խոսքի կրակահերթ են արձակում. «Ես հասկանում եմ իրեն, սա քաղաքականություն է, իր ասածի մեջ ճշմարտություն կա»:

Մեր հարցին, թե ո՞րն է ճշմարտությունը՝ Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Այն, որ ես Սերժ Սարգսյանից մեդալ եմ ստացել ՀՀ անկախության 20-ամյակի առիթով 2011 թվականին: Ինքը փաստն է ասում, և ես սրա դեմ ոչինչ չունեմ ասելու: Ինքը փաստն է  ասում: Նա ասում է՝ արյունոտ ձեռքերից, բայց ես արյունոտ ձեռքերի մեջ մեղադրել եմ Ռոբերտ Քոչարյանին: Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի մասին ասել եմ՝ արյունով եկավ, արյունով գնաց, իսկ Սերժ Սարգսյանին մեղադրել եմ նրանում, որ ինքն իր պարտականությունների մեջ՝ որպես անվտանգության նախարար, իր տեղում չի  եղել և չի կանխել ահաբեկչությունը: Գուցե չպետք է վերցնեի այդ մեդալը»:

Մեր հարցին, թե այն ժամանակ, երբ վերցրել եք այդ մեդալը, Զ. Փոստանջյանի հետ թիմակիցներ եք եղել, նա այն ժամանակ որևէ ձևով չի՞ արձագանքել դրան՝ Ա. Բախշյանն այսպես արձագանքեց. «Չէ: Այն ժամանակ մտապահել է, հիմա տեղը եկավ, ինձ ասաց: Այդ իր նախադասությունը ես հասկանում եմ, դրա դեմ ոչինչ չունեմ ասելու, չեմ ուզում պաշտպանվել»:

Տեսանյութեր

Լրահոս