«Ո՞վ եք դուք». Վազգեն Սարգսյանի սանուհին՝ «Երկիր Ծիրանիին»
Ինչպես հայտնի է, Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում (երևանցիներին հայտնի՝ որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ) տեղադրել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանը: Հարցն ընդգրկված է Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում:
«Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ Վազգեն Սարգսյանն իր կնքահայրն է եղել, և, նրա խոսքով՝ նա հերոսի իսկական կերպար է. «Մեկ ամսվա ընթացքում այս խմբակցությունը երկրորդ նախաձեռնությունն է ներկայացնում Վազգեն Սարգսյանի հիշատակի դեմ»:
Նրա գնահատմամբ՝ «Երկիր Ծիրանին» խնդիր ունի բարոյականության հետ. «Ո՞վ եք դուք, որ նման մեծերին կպնեք, դուք ամբողջ կյանքում ձախողել եք, արածներդ էլ էժանագին ներկայացում է, ինչ ասես՝ արել եք, քսան մարդ չեք կարողացել հավաքել, որ ձեր պլակատները բռնեն»:
«Ելք» խմբակցության անդամ Ա. Բախշյանն էլ ասաց՝ այո, պետք է ունենալ Վուդրո Վիլսոնի անվան փողոց, բայց՝ ոչ Վազգեն Սարգսյանի հիշատակը նսեմացնելով. «Ի՞նչ են ուզում սրանով ասել նախագծի հեղինակները, ուզում են ասեն, որ այսպես ենք արժևորում մեր ժամանակների հերոսների՞ն, թե՞ նպատակը «Ելքին» պառակտելն է, որ ուզում է թե՛ իշխանությունը, թե՛ նախագծի հեղինակները»:
Ա. Բախշյանը, դիմելով ՀՀԿ-ականներին և «Երկիր Ծիրանիի» անդամներին՝ ասաց. «Իրար արժեք»:
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հայտարարեց, որ խմբակցությունն ունի այնքան քաղաքական հասունություն, քաղաքական մշակույթ, որ նախաձեռնված սադրանքի ու իշխանության կողմից ստեղծված օրակարգային ծուղակի մեջ չի ընկնի. ««Ելք» խմբակցությունը ՀՀԿ-«Երկիր Ծիրանի» խմբակցությունների քննարկումներին չի մասնակցի, «Ելքը» լքում է նիստերի դահլիճը»: «Ելքի» անդամները լքեցին նիստերի դահլիճը: