Բաժիններ՝

Հայաստանի ապահովագրական շուկան 2017 թվականին (գծապատկերներ)

Ինչ ծավալի ապահովագրավճարներ են հավաքագրվել և հատուցումներ տրվել՝ ԱՊՊԱ-ի և ապահովագրության այլ տեսակների գծով։

2017 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական պայմանագրերի քանակը աճել է 162 հազարով՝ 633 727-ից հասնելով 796 123-ի։ Սրա մեջ մտնում են ապահովագրության բոլոր տեսակները՝ բացի կյանքի ապահովագրությունից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ըստ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տրամադրած նախնական տվյալների։

Արտոնագրված 7 ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրվել է 35 մլրդ 262.8 մլն դրամի ապահովագրավճար։ Կեսից ավելին՝ 54%-ը, ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների  օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր  ապահովագրությունն է (ԱՊՊԱ)։ Տարվա ընթացքում ԱՊՊԱ-ի գծով հավաքագրվել է 19.17 մլրդ դրամի ապահովագրավճար։

Ըստ ծավալի՝ երկրորդ տեղում անձնական ապահովագրությունն է՝ 8 մլրդ դրամ, երրորդում՝ գույքի ապահովագրությունը՝ 6.27 մլրդ դրամ։

Գծ. 1. Հավաքագրված ապահովագրավճարների ծավալը 2017 թվականի ընթացքում՝ ըստ տեսակների, մլն դրամ

2016 թվականի համեմատ ՀՀ ապահովագրական շուկայի ծավալը (ըստ ապահովագրավճարների) աճել է 2.1 մլրդ դրամով կամ 6.4%-ով։

Հարաբերական առումով ամենից շատ աճել է անձնական ապահովագրության գծով հավաքագրված ապահովագրավճարների ծավալը՝ 29.37%-ով։ ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների ծավալն աճել է 4.63%-ով, ապահովագրության այլ տեսակների գծով՝ 17.55%-ով։

Գծ. 1. Հավաքագրված ապահովագրավճարների փոփոխությունը, 2017 թվականը՝ 2016 թվականի համեմատ, %

Իսկ պատասխանատվության և գույքի ապահովագրության գծով ապահովագրավճարները նվազել են, համապատասխանաբար, 27.23%-ով և 6.61%-ով։

Նշենք նաև, որ 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, ապահովագրական հատուցումներն ավելի շատ են աճել՝ 26.6%-ով կամ 3.8 մլրդ դրամով։ Այսպես, եթե 2016 թվականին վճարվել է 14.2 մլրդ դրամի հատուցում, 2017 թվականին այդ թիվը հասել է 18 մլրդ դրամի։

Բացարձակ թվով ամենից շատ աճել է ԱՊՊԱ-ի գծով հատուցումների ծավալը՝ 8.8 մլրդ դրամից հասնելով 11.68 մլրդ դրամի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս