Սպանություն Գյումրիում․ հարբած երիտասարդը դանակով հարվածել է նոր արթնացած ծերունու կրծքավանդակին, գլխին, պարանոցին
2017թ․ մայիսի 5-ին Գյումրիում կատարված սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 05-ին՝ ժ. 05:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տուժողի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան և դանակի գործադրմամբ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է նրան:
1940թ. ծնված տուժողի դիակը հայտնաբերվել էր կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով:
Ըստ Քննչական կոմիտեի՝ կենցաղային հարցերի շուրջ նախկինում ունեցած տարաձայնությունների համար վրեժխնդիր լինելու նպատակով մեղադրյալը գնացել է տուժողի տուն, մուտք գործել ննջասենյակ և դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ հասցրել նոր արթնացած տուժողի կրծքավանդակի ձախ կեսին, գլխի և պարանոցի հատվածներին։ Ստացած մարմնական վնասվածքներից տանտերը մահացել է։
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։