Բաժիններ՝

«ԿԳ նախարարը պետք է Շիրակի համալսարանի ռեկտորի լիազորությունները դադարեցնելու առաջարկությամբ հանդես գա». Անահիտ Բախշյան

«Շիրակի համալսարանի ռեկտորին շատ վաղուց գիտեմ՝ և՛ որպես մի ՀՀԿ-ական, որը տարիներ շարունակ հեղինակազրկել է իր կուսակցությունը, և՛ որպես կոռումպացված չինովնիկ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը:

Ինչպես հայտնի է, Շիրակի համալսարանի ռեկտորն աշխատանքից ազատել է Շիրակի պետական համալսարանի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանին ու նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանին:

Դասախոսների աշխատանքային պայմանագրերը լուծարել է Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետով (աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը) և 122-րդ հոդվածի 2-րդ կետով (ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք)։ Աշխատանքային պայմանագիրը լուծարելու հիմք էին հանդիսացել ՇՊՀ Գիտական խորհրդի, ինչպես նաև նույն խորհրդի որոշմամբ ստեղծված Էթիկայի հանձնաժողովի որոշումները: Ազատված դասախոսները մտադիր են իրավունքների վերականգնման համար դիմել դատարան:

Մեզ հետ զրույցում Ա. Բախշյանն ասաց, որ Սահակ Մինասյանը, հայտնվելով Շիրակի համալսարանի ռեկտորի պաշտոնում, իր գործողություններով ամեն ինչ անում է ռեկտորի հեղինակությունը ոտնատակ տալու համար. «Այդ դասախոսները բարձրաձայնել են ինչ-որ խախտումների մասին, որոնց մեջ լուրջ կոռուպցիոն բացահայտումներ կարող էին լինել, և ռեկտորը պարզապես նրանցից ազատվել է: Եթե նրանք դատարան դիմեն, նույնիսկ մեր դատարաններում, որոնց վրա հույս չունենք, անպայման նրանց վերականգնելու որոշումը կկայացվի»:

Ա. Բախշյանի խոսքով՝ եթե բուհի ռեկտորը՝ որպես մտավորական, նման վարքագիծ ունի, ապա պետական կառավարման մարմինը՝ ի դեմս նախարարության, պետք է շատ արագ, կտրուկ և արմատական արձագանքի. «Պետք է ասի՝ դու, ռեկտոր, եթե մարդու չես լսում, նրա կարծիքը ոտնահարում ես, նրա բացահայտումներին ընթացք չես տալիս, չես ապացուցում հակառակը, որ այդտեղ կոռուպցիա չկա, դրա փոխարեն՝  նրան ազատում ես աշխատանքից, ուրեմն՝ դու մտավորական չես, բուհի ռեկտոր չես կարող լինել: Բուհի ռեկտորը պետք է լինի մտավորական մարդու կերպար՝ ժողովրդավար, մաքուր, արդար, իսկ ինքը ճիշտ հակառակն է, և ես մեղադրում եմ  նախարարությանը: Կրթության և գիտության նախարարը պետք է դիմի բուհի կառավարման խորհրդին և պետք է առաջարկությամբ հանդես գա՝ դադարեցնել այդպիսի ռեկտորի գործունեությունը»:

Հարցին՝ ակնկալիք ունե՞ք, որ հենց այդպես էլ կլինի, թե՞ անիմաստ է որևէ բանի սպասելը, Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Անիմաստ ոչինչ չի կարող լինել: Կա իրավունք, որը պաշտպանված է օրենքով: Այդ դասախոսներն օրենքով պաշտպանված են, մանավանդ, որ ես այդ դասախոսների մասին շատ լավ կարծիքներ եմ լսել, ու մարդիկ շատ մեծ ափսոսանք են հայտնում, որ այդպիսի դասախոսներին ռեկտորն այդպիսի հեշտությամբ հանում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս