Գլոբալ տաքացումը ջրով կծածկի ավելի քան 5 մլն մարդկանց տներ. գիտնականներ
Երկիր մոլորակի ավելի քան հինգ միլիոն բնակիչներ մինչեւ 2100 թվականը կկորցնեն իրենց տունը ծովի մակարդակի բարձրացման պատճառով նույնիսկ այն դեպքում, եթե Փարիզի համաձայնագրերը կատարվեն, եւ մոլորակն ավելի տաքանա ընդամենը Ցելսիուսի 1,5 – 2 աստիճանով: Այդ մասին կլիմայագետները հայտարարել են Environmental Research Letters հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մենք սովորել ենք կարծել, թե Փարիզի համաձայնագիրը մեզ կփրկի գլոբալ տաքացման հետ կապված բոլոր խնդիրներից: Մեզ հաջողվել է ցույց տալ, որ նույնիսկ բոլոր պարտավորությունների ամբողջական կատարումը կհանգեցնի այն բանին, որ Երկրի ափամերձ շատ տարածաշրջանների բնակիչներ ստիպված կլինեն պայքարել ծովի մակարդակի աճի եւ հեղեղների հաճախացման դեմ»,- հայտարարել է Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) կլիմայագետ Դեւիդ Ռասմուսենը: Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կախված է օդի միջին ջերմաստիճանից, սառցածածկույթի մակերեսից, գետերի հոսքի ծավալից եւ այլ կլիմայական պարամետրերից:
Այս բոլոր պարամետրերի վրա ազդում է կլիմայի փոփոխությունը, ինչի պատճառով կլիմայագետները եւ օվկիանագետները հետեւում են ծովի մակարդակի տատանումներին: Այսպես, վերջին հարյուրամյակում Համաշխարհային օվկիանոսն «աճել է» 17 սանտիմետրով: Օվկիանոսի մակարդակի հետագա բարձրացումը կարող է դառնալ Եվրոպայում եւ աշխարհի այլ մասերում ափամերձ շրջանների ջրածածկման պատճառ եւ կարող է արագացնել կլիմայի փոփոխումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: