Դենի Բոյլը 25-րդ ֆիլմը կնկարահանի 007 գործակալի մասին. Metro
Բրիտանացի կինոռեժիսոր Դենի Բոյլը նոր ֆիլմ է նկարահանելու Ջեյմս Բոնդին նվիրված շարքից: Այդ մասին նա հայտնել է Metro թերթին տված հարցազրույցում:
«Այժմ մենք աշխատում ենք սցենարի վրա,-հրատարակությունը մեջբերում է Բոյլի խոսքը:-Հուսով ենք նկարահանումներն սկսել հինգ-վեց շաբաթվա ընթացքում: Այդ դեպքում «Բոնդը» կարող է թողարկվել մինչեւ տարեվերջ»: Ֆիլմը, որը 25-րդ կինոնկարը կդառնա բրիտանացի սուպերգործակալի արկածների մասին, ներկա փուլում կրում է «Ջեյմս Բոնդ-25» պայմանական անունը:
Ռեժիսորը նշել է, որ այժմ ինքը աշխատում է նաեւ այլ նախագծի վրա՝ գրում է կատակերգության սցենար, որը նկարահանելու է բրիտանացի ռեժիսոր Ռիչարդ Քերթիսը: Սակայն Բոյլը հավաստիացրել է, որ այս աշխատանքն ավարտելուց անմիջապես հետո իր ամբողջ ուշադրությունը կնվիրի Բոնդի մասին կինոնկարին: Ավելի վաղ Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը, որը երկար ժամանակ ժխտում էր իր հետագա մասնակցությունը բոնդապատումի նկարահանումներին, հաստատել է 007 գործակալի մասին 25-րդ կինոնկարին մասնակցելու մտադրությունը:
Դենի Բոյլը բրիտանացի ռեժիսոր է, որն առաջին անգամ համաշխարհային ճանաչում է ստացել «Ասեղի վրա» (1996 թ.) ֆիլմի շնորհիվ: Նրա ամենահայտնի ռեժիսորական աշխատանքների թվում են՝ «Ոչ խորը գերեզման» (1994 թ.), «Լողափ» (2000 թ.), «Սթիվ Ջոբս» (2015 թ.) եւ «Ասեղի վրա-2» (2017 թ.) ժապավենները:
Դենի Բոյլի «Միլիոնատերը՝ հետնախորշից» (2008 թ.) կինոնկարը ստացել է ութ «Օսկար» մրցանակ, այդ թվում՝ որպես «Տարվա լավագույն ֆիլմ» եւ լավագույն ռեժիսուրայի համար: Այդ ժապավենը նաեւ արժանացել է «Ոսկե գլոբուսի» չորս եւ BAFTA-ի յոթ մրցանակների:
«007 գործակալ» Ջեյմս Բոնդի արկածների մասին կինոցիկլի առաջին ֆիլմը՝ «Դոկտոր Նոու» անվանումով, էկրանէ բարձրացել 1962 թվականին: Ներկա դրությամբ «բոնդապատումի» վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007. ՍՊԵԿՏՐ»-ը (2015 թ.), համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 880 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: