Դավիթ Գասպարյանի բացահայտումները Եղիշե Չարենցի մասին
Մարտի 13-ին նշվեց Եղիշե Չարենցի ծննդյան 121 ամյակը: Պոետի ծննդյան առիթով «168 Ժամը» լսել է գրականագետ Դավիթ Գասպարյանի խոհերը՝ ինչպես Չարենցի անտիպ գրական ժառանգության, այնպես էլ՝ պոետի կյանքի վերջին՝ եղերական տարիների վերաբերյալ: Անդրադառնալով բանաստեղծի անտիպ ժառանգությանը՝ Դավիթ Գասպարյանն ընդգծում է՝ դրանք առավելապես և բնականորեն ընդգրկում են Եղիշե Չարենցի կյանքի վերջին շրջանը:
Չարենցի վերջին գիրքը
Չարենցի վերջին գիրքը պետք է լույս տեսներ 1933 թվականին: Դա պոետի հանճարեղ «Գիրք ճանապարհի» ժողովածուն էր: Գիտեք, թե այդ գրքի գլխին ինչ օյիններ բերեցին, անգամ թարգմանեցին ու հասցրին Ստալինի սեղանին: Որպես արդյունք՝ գրքի տպագրությունը կասեցվեց: Չարենցն այդ տարիներին աշխատում էր «Հայպետհրատում»՝ որպես բաժնի վարիչ: Ստալինի ծանոթությունից հետո, ի վերջո, այդ ժողովածուից ամենակարևոր շեշտադրումն արվեց «Աքիլլես և Պիեռո» ինտերմեդիայի վրա, որտեղ Չարենցը դեռ այն ժամանակ քննում էր Ստալին-Տրոցկի հարցը:
Ընդ որում, այս աշխատության մեջ Չարենցը կիրառել էր պայմանական անուններ և նույնպիսի միջավայր, այնպես որ, մինչև ինքը հուշումներ չաներ, ոչ ոք չէր կարողանա հասկանալ՝ ինչի մասին է խոսքը:
Ինքն էլ, ինչպես հանճարների մեծ մասն է լինում, շատ միամիտ էր՝ ինչ գրում էր, շատ ոգևորված պատմում էր իր շրջապատին: Այսկերպ նա բացահայտել էր իր «Պատգամ» բանաստեղծության գաղտնիքը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Եթե ինքն այս մասին չհուշեր, երբևէ ոչ ոք այդպես էլ գլխի չէր ընկնի, թե ինչումն է այդ գործի պատգամը: Եվ ուրեմն՝ «Աքիլլես և Պիեռո» ինտերմեդիայի մասին զեկուցում են Ստալինին, որից հետո, անձամբ ծանոթանալով դրա բովանդակությանը՝ ԽՍՀՄ «Главлит»-ի միջոցով գալիս է Ստալինի պատասխան-նամակը, որում գրված էր.
«Հայտնեք Եղիշե Չարենցին, որ «Աքիլլես և Պիեռո» ինտերմեդիան որպես գրական ստեղծագործություն վատը չէ, բայց նա թող առայժմ ձեռնպահ մնա այն տպագրելուց»: Քաղաքական լարված կրքերի ֆոնին սա հանճարեղ լուծում էր: Գրքից հանում են այդ ստեղծագործությունը, որի փոխարեն՝ Չարենցը երկու նոր շարք է լրացնում, և «Գիրք ճանապարհին» տպագրվում է: Դեռևս այն ժամանակ Չարենցի «Գիրք ճանապարհին» տպագրվեց ընտիր ֆիննական վերժե թղթի վրա, Հակոբ Կոջոյանի բացառիկ նկարազարդումներով, սուպեր շապիկով մի աննման գիրք՝ 5000 օրինակից: Չարենցի անտիպ գրականության և կյանքի մնացյալ էջերը հաջորդում են հենց այս իրադարձությանը:
Չարենցին հեռացնում են աշխատանքից և Գրողների միության շարքերից
Չարենցի դեմ ոտնձգությունները նոր թափով սկիզբ առան 1935թ.: Այդ տարիներին Ազգային անվտանգությունից անդադար կանչում և հարցաքննում էին նրան, և այդ հարցաքննության տեքստերը մինչ օրս պահպանվել են: Այդ օրերին Չարենցն իր բանաստեղծություններից մեկում գրում է. «Ի՞նչ կատարվեց կյանքում իմ արդարև: Առաջներում բանաստեղծություններիս վերևում վերնագրեր էի դնում, իսկ հիմա՝ թվեր, ինչպես խաչն առաջ՝ մահ նշանակող»:
Ինչ-որ պահից սկսած Չարենցն իր բանաստեղծությունները սկսում է «վերնագրել» ամսաթվերով, որոնք իր հարցաքննությունների օրերն են: Չարենցի կյանքն այն աստիճանի ծանրացավ, որ իր իսկ ծննդյան նախօրյակին՝ 1935թ. մարտի 8-ին, նրան հեռացրեցին հրատարակչության աշխատանքից: Չարենցն այս իրողությունը շատ ծանր է տանում և նույն օրն էլ Կենտկոմին ուղղված մի գրությամբ խնդրում է՝ իրեն հեռացնեն նաև Գրողների միության շարքերից:
Իհարկե, նրա այս գրությանը միանգամից խիստ քաղաքական բովանդակություն են տալիս, Գրողների միությունում երկու նիստ է հրավիրվում, որտեղ, ինչպես իր հակառակորդները, այնպես էլ՝ համախոհները, կողմ են քվեարկում՝ հեռացնելու նրան միության շարքերից, և դա արվում է արդեն իր ծննդյան օրը՝ մարտի 13-ին: Իրականում այս որոշումը ոչ թե համախոհների կամ թշնամիների «քվեարկության» արդյունքն էր, այլ Կենտկոմի պարտադրանքը:
Չարենցի նման մեկին, ով 1000 տարին մեկ է աշխարհ գալիս, հեռացնում են աշխատանքից և Գրողների միության շարքերից: Առանց Չարենց՝ էլ ի՞նչ Գրողների միություն: Հենց այս շրջանում է, որ Չարենցը գրում է իր բուռն ու զայրալից էպիգրամները՝ «Արազանն ու Քսպեն ուզում են Չարենցին զսպեն»… Դե զսպեք, տեսնեմ ո՞նց եք զսպելու… կամ «Սանձել է ուզում հողմերին այս ողորմելին», որ ուղղված էր այն ժամանակվա Գրողների միության նախագահին: Հեռացվելով աշխատանքից և Գրողների միությունից՝ Չարենցը սկսեց ներկայացվել՝ որպես ազգի թշնամի:
Իսկ ինչպե՞ս է իրեն զգում բանաստեղծ Չարենցը. Ստալին
Թե ինչ կատարվեց Չարենցի անվան շուրջ 1935 թվականից հետո, պարզ է դառնում իրավիճակների զարգացման հետևյալ հերթագայության ֆոնին: Հայաստանի խորհրդայնացման 15-ամյակի առիթով հայ գրողների պատվիրակությունը մեկնում է Մոսկվա, որտեղ էլ Կրեմլում Ստալինն ընդունում է հայ աշխատավորների պատվիրակությանը: Գրողներից այդ պատվիրակության կազմում ընդգրկվել էին Վախթանգ Անանյանը, Ստեփան Զորյանը, Աղասի Խանջյանին ահաբեկելու գնով ներկա էր նաև Նաիրի Զարյանը, որպեսզի այնտեղ Ստալինի ներկայությամբ կարդար իր «Ստալին» բանաստեղծությունը: Չկար միայն Չարենցը:
Էլ ի՞նչ պատվիրակություն, եթե քո մեծագույն հանճարը քեզ հետ չէ: Բայց արի ու տես, որ Ստալինյան մոտիվը կրկին արթնանում է: Հանկարծ այս հանդիպման ընթացքում այդ վիթխարի կայսրության նույնքան վիթխարի առաջին դեմքը՝ Ստալինը, հետաքրքրված հարց է տալիս պատվիրակության անդամներին՝ «Իսկ ինչպե՞ս է իրեն զգում բանաստեղծ Չարենցը: Ես լսել եմ՝ նրան այնտեղ նեղացնում են»: Ստալինի հարցին պատասխանում է Ստեփան Զորյանը՝ ասելով, որ Չարենցն իրեն լավ է զգում, և իրեն այլևս չեն նեղացնում:
Իհարկե, իրականությունը բոլորովին էլ այդպես չէր, ինչպես ներկայացրեց Ստեփան Զորյանը և, հավանաբար, նման պաշտոնական հանդիպման ընթացքում նա ավելին չէր էլ կարող ասել: Փաստը մնաց այն, որ Չարենցը երբեք էլ կուլ չգնաց ստալինյան ռեժիմին: Չարենցը մի պոեմ է գրում, որը նվիրված է Ստալինին և երկար վերնագիր ունի, ասենք այսպես՝ «Թուղթ Իոսիֆ Ստալինին»: Նա այս պոեմը չի տպագրում, բայց սևագրությունը կա, մնացել է: Այստեղ նա նկարագրում է Ստալինի պատանեկությունը՝ սեմինարիայի ուսանողության տարիներին, երբ նա նաև գրական փորձեր էր անում վրացական «Կվարի» և «Իվերիա» թերթերում՝ տպագրելով վրացական ազգայնական մոտիվներով լեցուն ինչ-ինչ բանաստեղծություններ: Չարենցն իր պոեմում գրում է՝
«Հպարտ է ու բիրտ, դահիճ աններող
Բանաստեղծական արվեստի մուսան,
Արքաներն են երբ մկրտվում գուսան
Լավագույն դեպքում դառնում են Ներոն»:
Էլ ի՞նչ գրեր այս մարդը… Բացի այդ, Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ ու էպիգրամներ ունի, որտեղ Ստալինին բնութագրում է՝ իբրև միջնադարյան կացին, թիֆլիսցի կինտո և այլն: Չարենցը շատ լավ էր տեսնում և ավելի լավ էր զգում, թե ուր է գնում ազգի հելիկոնը, գրելով՝ «Հայրենիքի ողջը տարան թիարան»: Իրականում հայ երգի սերմն էր կտրվում:
Մի տեղ էլ Չարենցը գրում է. «Դժվար է ուղին Նաիրյան երգի, ինչպես տարագիր իր ժողովրդի երթը՝ հասնելու հայրենի երկիր»: Չարենցը նաև մի պոեմ ունի՝ «Որպես գորշ, դեղին տերևներ» տողով է սկսում: Սա ահավոր մի բան է, որտեղ կարծես նկարագրելիս լինի հենց այսօրվա մեր օրը, երբ երկիրը քանդվում է, իսկ ժողովուրդը հուսահատ հեռանում է իր հայրենիքից: Այստեղ է, որ նա գրում է՝ «Հայրենի հողմն ու քամին՝ դաշնակից դարձած թշնամու հողմին ու քամուն քշում են Նաիրյան սերմը, որ չընկնի իր հողի վրա չամրանա»:
Այն ժամանակներից պետք է հիշեք Անդրֆեդերացիայի մասին, որ մտնում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ, և նախկին ռուսական փոխարքայությունն էր ու մի չարիք: Հայաստանը բոլորի աչքի առաջ քայքայվում էր: Հայաստան եկող բեռնված վագոններն այդ տարիներին կանգնեցվում ու դատարկվում էին Վրաստանում՝ շինանյութ, սնունդ, տեխնիկա, ամեն բան: Մեր ղեկավարներից Աղասի Խանջյանն էր միայն, որ այդ բիրտ տարիներին ազգային քաղաքականություն էր վարում, ով ուզում էր ամեն գնով պահել ու շենացնել հայրենիքն ու այստեղ ապրող ժողովրդին: Նրա հենց այդ ցանկության համար էր, որ Բերիան սպանեց Աղասի Խանջյանին, որին հաջորդելու եկավ Ամատունի անունով մեկը, ով իր Վարդապետյան ազգանունից այնքան էր վախենում, որ ստորագրում էր միայն Ամատունի:
Սա ընդամենը մեկ տարի իշխեց Հայաստանում, և սրա օրոք արյունը հոսեց մեր երկրի երակներից դուրս: Այնքան ձերբակալություններ, գնդակահարություններ ու աքսորներ, որ կատարվեցին սրա օրոք, չէին կատարվել մինչ այդ: Այս ամենն անգամ քիչ էր թվում այդ ոչնչությանը, և սրա գլխավորությամբ վերևներին երկարաշունչ ցուցակներ էին ներկայացնում, թե՝ ավելացնենք մարդամթերման թեման… Այս ամենի մեջ էր ապրում Չարենցն ու այս բոլորը վերածում գրի՝ ստեղծելով մեր գրական պատմության բարձրագույն էջերը:
Չարենցի ձերբակալությունը
Աշխատանքից և Գրողների միությունից հեռացվելուց հետո Չարենցը հիմնականում մնում էր տանը՝ անկողնային ռեժիմում: Այդ օրերին շատերն են այցելել, տեսել ու գրի առել պոետի այդ օրերի կյանքն ու ապրումները: Այս վիճակը խորացավ այնքան, մինչև, ի վերջո, ձերբակալեցին Չարենցին: Ձերբակալության թույլտվությունը եղավ 1937թ. հուլիսի 27-ին: Այդ օրերին բանաստեղծն իր ընտանիքին տարել էր Ծաղկաձոր՝ հանգստի, որտեղից նրանց վտարել էին, ու ինքն էլ գնացել էր նրանց հետևից՝ տեղափոխելու Հին Նորքի իրենց տուն, որտեղից էլ հսկիչները տանում են նրան: Ինքն արդեն գլխի էր ընկել, թե ինչի համար են այս անգամ եկել իր հետևից, թեև կինը՝ Իզաբելլան, գլխի չէր, որ սա Չարենցի ձերբակալությունն էր:
Տանից հեռանալուց առաջ բանաստեղծը ցանկանում է համբուրել երեխաներին, բայց կինն ասում է՝ լավ նշան չէ մեկնումից առաջ երեխաներին համբուրելը, կվերադառնաս՝ կհամբուրես: Հետո Իզաբելլան հիշում է՝ այդ պահին է, որ Չարենցը մի քանի րոպե անթարթ, ակնդետ նայում է իր աչքերի մեջ, կարծես փորձում է հայացքով ինչ-որ շատ կարևոր բաներ բացատրել: Հսկիչները կանգնած էին, և Չարենցը կարևոր ոչինչ ասել չէր կարող: Կինը հիշում է, որ երբ Չարենցին իջեցրին, արդեն երրորդ հարկի պատշգամբից տեսնելով, թե ինչպես են ամուսնու ձեռքերը ոլորելով նստեցնում սև մեքենան՝ հասկանում է, որ նրան ձերբակալել են:
Չարենցը պետք է գնդակահարվեր
Այն հոդվածները, որոնց հիմքով եղավ նախնական կալանքը, Չարենցը կգնդակահարվեր: Հենց նույն հոդվածներով էին գնդակահարվել Բակունցը և մյուսները: Չարենցին մեղադրում էին «Հակախորհրդային գործունեության», «Նացիոնալիզմի», «Հակապետական գործունեություն ծավալվելու» և այս կարգի մի քանի այլ մեղադրանքների մեջ: Միայն հակա՛… հակա՛… Չարենցին բանտում չեն հարցաքննել: Հուշագիրներ կան, որոնք նրա հետ նույն բանտում են եղել և այդ ժամանակներից հիշում են, թե ինչպես էր կյանքի վերջին օրերին Չարենցն իր բանտախցից բղավում՝ դատեք ինձ, որ գոնե իմանամ՝ ինչումն է իմ մեղքը:
Այնուամենայնիվ, Չարենցին չդատեցին, և պատճառը նրա ընդհատված կյանքն էր: Այն նախնական հոդվածներն էլ, որ թվարկեցի, դեպի գնդակահարություն էին տանում: Գոյություն ունի «Ձերբակալվածի անկետա», որտեղ արձանագրված են նրան վերագրված բոլոր մեղադրանքները:
Նայեք կյանքի անեծքը
1937թ. սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունենում մի մահացու պլենում՝ Կենտկոմի լիագումար նիստ, որի առիթը հանդիսանում է Սահակ Տեր-Գաբրիելյանը՝ իր մահով: Վերջինս այն ժամանակների մեր վարչապետն էր, ում Մուղդուսին հարցաքննելու ժամանակ ստիպել էր ինչ-ինչ զրպարտական բովանդակություն պարունակող փաստաթղթեր ստորագրել, որից հրաժարվելու պատճառով էլ հենց նույն Մուղդուսին բանտի պատուհանից ցած է նետում Սահակ Տեր-Գաբրիելյանին:
Վերևների համար սկզբում այս իրողությունը կոծկում են և հայտնում, թե Տեր-Գաբրիելյանն ինքն է իրեն ցած նետել բանտի պատուհանից, բայց իրականության մասին լուրը հասնում է Ստալինին, և նա «Կուսակցական աշխատանքի դրվածքը Հայաստանում» վերնագրով մի նամակ է ուղարկում Հայաստան, որի արդյունքում, ինչպես արդեն նշեցի՝ Հայաստանում տեղի է ունենում հայտնի պլենումը՝ Կենտկոմի լիագումար նիստը: Այս առիթով Հայաստան են ժամանում Միկոյանը, Բերիան և էլի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, և հենց պլենումի ընթացքում ձերբակալվում է Մուղդուսին, իսկ դրանից առաջ արդեն ձերբակալվել էր նաև Ամատունի Վարդապետյանը: Տեսեք՝ կյանքի անեծքը:
Չարենցի միամիտ կնոջը՝ Իզաբելլա Նիազյան-Կոդաբաշյանին, խորհուրդ են տալիս Միկոյանի անունով մի նամակ գրել, որը գուցե ինչ-որ կերպ կօգներ՝ Չարենցին բանտից ազատելու գործում: Այս կինն էլ գրում է մի շատ միամիտ նամակ, որը, ի դեպ, պահպանվել է, թե՝ իմ ամուսին Ե. Չարենցը ծայրահեղ վատ առողջական վիճակում է, գուցե նրան չհաջողվի բանտււմ մի քանի ամիս էլ ձգել, և նամակն ուղարկում են Միկոյանի անունով:
Սրա արդյունքը լինում է այն, որ Միկոյանը, ով այդ տարիներին շատ բարձր պաշտոն էր զբաղեցնում՝ լինելով ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալը, այդ նամակի հիմքով ձերբակալության հրաման է տալիս, և Իզաբելլային՝ որպես ազգի թշնամու կին, ով իբր տեղյակ է եղել, թե ինչ գաղտնի հայացքներ է ունեցել իր ամուսինը ու չի հայտնել այդ մասին պատկան մարմիններին, անմիջապես ձերբակալում են:
Չմոռանանք, որ դրանք Պավլիկ Մորոզովների ժամանակներն էին, երբ զավակը պետք է մատներ ծնողին… Նրան աքսորում են և ուղարկում Ղազախստանի ամայի տարածքներ, որտեղ էլ նա ապրում է մինչև կյանքի վերջին տարիները, ամուսնանում մի բուժակի հետ և նրանից 5 երեխա է ունենում: Չարենցի բանտարկությունից և Իզաբելլայի աքսորից հետո բանաստեղծի երկու զավակները թողնվում են բախտի քմահաճույքին, մեծին հանձնում են մանկատուն, փոքրին խնամում է տատը:
Չարենցի մահը
Չարենցը մահանում է Երևանի քաղաքային բանտում՝ 1937թ. նոյեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7-ի կողմերը: Հաջորդ օրը նրա մարմինը դիահերձում են (այդ փաստաթղթերը ևս կան և հրապարակվել են), որից հետո գիշերով, գաղտնի մարմինը տանում են անհայտ ուղղությամբ թաղելու (թեև այս պարագայում «անհայտը» հարաբերական բառ է): Տարիներ առաջ մի քանի վկայությունների շնորհիվ մեզ հաջողվեց ընկնել Չարենցի գերեզմանի հետքի վրա, մենք սկսեցինք մեր որոնողական աշխատանքները, և դրանք, շատ հնարավոր է, որևէ արդյունք տային: 1988-ական թվականներն էին:
Այն տեղում, որտեղ մեզ հուշել էին, մի խումբ տղաներով՝ բահերով և քլունգներով զինված՝ որոնողական աշխատանքներ էինք կատարում՝ փորձելով գտնել հանճարի մասունքները, երբ ոստիկանները եկան- կանգնեցին գլխներիս: Իրականում Չարենցի գերեզմանի որոնումներին դեմ էին և շարունակում են դեմ մնալ նրա հարազատները, հիմնականում՝ Արփենիկը: Եվ, քանի որ ժառանգները շարունակում են պահել Չարենցի գերեզմանի գաղտնիության հետ կապված գիծը, ես մտածում եմ՝ միգուցե իրենք մի քիչ ավելին գիտեն, քան մենք:
Այդ նույն հարցը ես տվել եմ Արփիկին՝ գուցե կա՞ ինչ-որ բան, որի մասին մենք չգիտենք, եթե գիտես՝ ասա, որ իմանանք, գոնե սխալներ թույլ չտալու համար, վերջապես մենք գործ ունենք Չարենցի անվան հետ, որին ի պատասխան՝ Արփիկն ասաց՝ ես գիտեմ այնքան, որքան դու, և հաճախ նույնիսկ Չարենցի կյանքի մասին որոշ բացահայտումներ ես քեզանից եմ իմանում: Ինչևէ, քանի որ սա էլ ժառանգական իրավունքի պես մի բան է, անձամբ ես դադարեցի՝ ինչպես գերեզմանի որոնման հետ կապված աշխատանքները, այնպես էլ նրա ժառանգների հետ այդ հարցը քննարկել:
Անցնելով գերեզմանի տեղի հետ կապված հարցին՝ այդ հատվածը, որտեղ ենթադրաբար կարող է լինել Չարենցի գերեզմանը, գտնվում է դեպի Էջմիածին տանող ճանապարհի աջի հատվածի վրա՝ Ներքին գործերի պանսիոնատի հարևանությամբ գտնվող այգում: Այդ պանսիոնատը և նախկինում կար, և հիմա:
Այս մասին մեզ պատմել է մի մարդ, ով այն տարիներին հսկիչ զինվոր էր և մասնակցել է Չարենցի թաղման պրոցեսին: Նա պատմում էր, որ մի գիշեր, ոստիկանական հագուստներով երկու մարդ մաշված, տրորված մի պարկի մեջ գցած բերել են Չարենցի դիակը, իրեն էլ կանչել են, թե՝ փոսը փորի, միաժամանակ սպառնալով, որ, եթե որևէ մի տեղ բերանը բացի՝ կհայտնվի նույն փոսում՝ Չարենցի կողքին: Բնականաբար, այդ մարդը երկար տարիներ լռել է, և միայն, երբ ժամանակները փոխվեցին, բացեց բերանը և խոսեց:
Նախատեսված էր Չարենցին ուղարկել արտասահման՝ բուժվելու
Քանի դեռ Աղասի Խանջյանը կենդանի էր, նախատեսված էր Չարենցին ուղարկել արտասահման՝ բուժվելու: Այդ որոշման տակ անգամ Բերիան էր ստորագրել՝ իր հայտնի կապույտ մատիտով, նույնիսկ տարադրամի չափն էր դուրս գրված: Նախատեսվում էր Չարենցին ուղարկել կամ Փարիզ, կամ Բեռլին: Խանջյանի սպանությունից հետո այդ հարցն օրակարգից դուրս եկավ: Իհարկե, եթե նրան հաջողվեր տեղափոխվել Եվրոպա, ապա կյանքի վերջին տարիներն ու մահն այդքան եղերական կերպով չէին դասավորվի: Նա, անկասկած, կմահանար, որովհետև նույնիսկ դիահերձման արձանագրությունները հուշում էին այն մասին, որ Չարենցի օրգանիզմը քայքայված էր, և նրան ապրելու շատ քիչ ժամանակ էր մնացել…
Անտիպ Չարենցը
Չարենցի ստեղծագործության հետ կապված ամեն ինչ նորություն է: Նրա անվան հետ կապված ցանկացած պատառիկ մի նորություն է բերում՝ լինի կենսագրական թե ստեղծագործական: Չարենցի կյանքի վերջին շրջանը, կարծում եմ, շատ մակերեսորեն է ուսումնասիրված, ինչպես նաև նրա գործունեության՝ Հեղափոխության տարիները՝ 1917-20թթ., Առաջին Հանրապետության ստեղծման շրջանում նրան առնչվող իրադարձություններն էլ նոր-նոր են սկսել ուսումնասիրել, որը, անկասկած, լուսաբանման մեծ պահանջ ունի:
Չարենցը Հայաստանի Երկրորդ Հանրապետության վերականգնմանը նվիրված աշխատանք, որպես այդպիսին, չունի: Սակայն վերջերս իմ կատարած վերլուծությունների արդյունում եկա այն համոզման, որ նրա՝ «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմներն են Հայաստանի Հանրապետությանը նվիրված ոգեշունչ գործերը, որտեղ այդ հանճարեղ պոետը հեղափոխության հետ ձուլված հայրենիքի ծնունդն է ավետում:
Չարենցն ապրեց ահավոր ծանր գրաքննության, ռեժիմի պայմաններում: Չարեցն ու չարենցյան սերունդը երազում էին խոսքի ազատության մասին: Նրանք այդպես էլ կարոտ մնացին՝ ազատ նստելու և խոսելու իրենց երկրի դարդերի մասին: Էդ հիմա է, որ հարյուրներով գրողներ կան, այն էլ՝ պաշտոնապես վավերացված գրողներ, ովքեր մրցանակներ, գրքեր ու իբր ստեղծած գրականություն ունեն: Իրականում մեր գրականության մակարդակը հիմա սարսափելի վիճակում է:
Չարենցի էմինյան արխիվն ու Ջեյմս Ռասելը
Էմինյան արխիվի մասին անձամբ ես իմացել եմ Ջեյմս Ռասելի մի հոդվածից, ով գրել էր, թե 1998 թվականի սեպտեմբերին եկել է Երևան՝ մասնակցելու մի գիտաժողովի, որի ընթացքում իրեն է մոտեցել Գևորգ Էմինի որդին՝ Արտաշես Էմինը, և հրավիրել իրենց տուն ու իր առաջ փռել չարենցյան ձեռագրերը, որտեղ ոչ միայն ձեռագրերն էին, այլև մեքենագիր թղթեր, հենց իր՝ Չարենցի կողմից կատարված ուղղումներով, ինչպես նաև բազմաթիվ այլ նյութեր: Ռասելը պատմում է, որ Գևորգ Էմինի կինն ավելի ուշադիր էր և ասել է, որ այդ ձեռագրերը, եթե անգամ պետք է տպագրվեն, դրանք անպայման պետք է մնան Հայաստանում: Այդ ձեռագրերը հավանաբար նաև դրանցից մի մասի պատճենները Ռասելն իր հետ տարել է ԱՄՆ:
Այս ամենն իմանալուց հետո էր, որ ես սկսեցի հրապարակային ելույթներ ունենալ, որ Չարենցից ժառանգություն մնացած բոլոր ձեռագրերը պետք է հանձնվեն հայկական կողմին: Դրանից հետո 2008թ. սեպտեմբերին տեղի ունեցավ այդ ձեռագրերի մի մասի վաճառքը, որի համար միջնորդ էր հանդիսացել ՀՀ մշակույթի նախարարությունը: Ձեռք բերված արխիվը հանձնվեց Գրականության և արվեստի թանգարանին, մի որոշ մասն էլ՝ Մատենադարանին:
Այդ ձեռագրերն ունենալուց հետո Ջեյմս Ռասելը սկսեց ամոթալի հրապարակումներով հանդես գալ, որտեղ տեղ գտած տարրական ուղղագրական սխալներն ուղղակի նույնիսկ քննարկման թեմա էլ չեն: Չարենցի ձեռագիր կարդալը հեշտ բան չէ, նույնիսկ հայերեն շատ լավ իմացողի համար է դժվար, էլ ուր մնաց՝ օտարալեզու մեկի:
Նրա գրած հոդվածներից մեկում միայն 37 ուղղագրական սխալ կար, էլ չեմ խոսում բաց թողնված տողերի մասին: Ռասելը փորձեց նույնիսկ Չարենցին սեռական տարաբնույթ թյուրըմբռնումներ որակել, որոնք անում էր հետևյալ կերպ՝ որևէ տեքստից որևէ մի տող էր առանձնացնում, դրանց որակելով իր սեփական թյուրըմբռնումները, որոնք, իհարկե, որևէ կերպ ոչ ապացուցված են, ոչ էլ, միգուցե, դրա կարիքը կա:
Իսկ ո՞վ է Ջեյմս Ռասելը՝ ծնված Նյու Յորքում, 1953 թվականին, ազգությամբ՝ հրեա, կողմնորոշմամբ՝ միասեռական, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ով զբաղվում է նաև հայագիտությամբ, գիտական թեզերն են ՝«Հովհաննես Թլկուրանցի» և «Զրադաշտությունը Հայաստանում»: