ԱՊՀ-ի երկրներն աշխարհի առաջատարներն են դարձել մուլտիմիլիոնատերերի թվի աճի տեմպերով

Ռուսաստանը եւ ԱՊՀ-ի մյուս պետությունները 2017 թվականի արդյունքներով աշխարհի առաջատարներն են դարձել մուլտիմիլիոնատերերի թվի աճի տեմպերով. երկրների այս խմբում 5 մլն դոլար եւ ավելի կարողություն ունեցողներն ավելացել են 27 տոկոսով եւ կազմել 42 հազար 390 մարդ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Այդ տեմպերը գերազանցում են ընդհանուր համաշխարհային տեմպերը, որոնք 2017 թվականին կազմել են 9 տոկոս, ինչպես նաեւ մոլորակի մյուս տարածաշրջանների տեմպերը, ներառյալ Հյուսիսային Ամերիկան (պլյուս 5 տոկոս): Այս տվյալները ներկայացված են հարստության վերաբերյալ ամենամյա զեկույցում (The Wealth Report), որը հրապարակվել է անշարժ գույքի ոլորտի Knight Frank միջազգային կոնսալտինգային ընկերության կողմից:

Դրա հետ մեկտեղ այդ խմբի պետությունները դեռեւս հեռու են 2012 թվականի ցուցանիշներից, երբ դրանցում ընդհանուր առմամբ կար 66 հազար 700 մուլտիմիլիոնատեր: Knight Frank-ի կանխատեսումների համաձայն, այդ նշագիծն անհասանելի կմնա նաեւ առաջիկա հինգ տարիներին, թեեւ աճը կշարունակվի: 5 մլն դոլար եւ ավելի հարստություն ունեցողները Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում կլինեն ավելի քան 53 հազար մարդ:

2017 թվականին այս խմբի երկրներում աճել է նաեւ շատ հարուստ մարդկանց թիվը: 50 մլն դոլար եւ ավելի կարողություն է ունեցել 2870 մարդ (աճը՝ 26 տոկոս), իսկ 500 մլն դոլար եւ ավելի՝ 250 մարդ (աճը՝ 19 տոկոս): Փորձագետներն այս երկու խմբերի համար առաջիկա հինգ տարիներին հետագա թվային ավելացում են կանխատեսում: Այժմ աշխարհում կա 2 մլն 515 հազար 480 մուլտիմիլիոնատեր:

Անցած տարվա ընթացքում նրանց թիվն ավելացել է գրեթե 215 հազարով, իսկ մինչեւ 2022 թվականը կավելանա եւս ավելի քան մեկ միլիոնով: 2017 թվականին նրանցից 929 հազարից ավելին ապրում էին Հյուսիսային Ամերիկայում: Երկրորդ տեղում Ասիան է (շուրջ 687 հազար), իսկ երրորդում՝ Եվրոպան (ավելի քան 650 հազար): Հինգ տարի հետո, կանխատեսումների համաձայն, Հյուսիսային Ամերիկան կպահպանի առաջնությունը. մուլտիմիլիոնատերերի թիվն այս տարածաշրջանում կգերազանցի 1 մլն 285 հազարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս