«Սերժ Սարգսյանը միշտ սիրում է անակնկալներ». Քաղտեխնոլոգը՝ ՀՀ ապագա վարչապետի մասին

«Իշխանությունն էլ է հասկանում, որ այս կերպ կառավարելով՝ էֆեկտիվություն չկա, այսինքն՝ հնարավոր չէ ժողովրդին պահել միայն անվտանգության խնդիրներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նա կարծում է, որ ֆասադային այն փոփոխությունները, որոնք այսօր տեղի են ունենում իշխանության մեջ, դրան են ուղղված. «Սերժ Սարգսյան էլ շատ հստակ հասկանում է, որ էֆեկտիվության, կառավարելու խնդիր կա: Նա հասկանում է, որ ինչ-որ բան պետք է փոխել: Նախ՝ պետք է փոխես տրամադրությունները երկրում: Այն գաղջ մթնոլորտի և այլնի մասին, որ նա խոսում էր, հենց նշան էր, որ այս մթնոլորտում բիզնես չի կարող զարգանալ:

Եթե մարդիկ լավատեսորեն չեն տրամադրված վաղվա օրվա նկատմամբ, ոչ ոք գումար չի ներդնի բիզնեսի մեջ: 2014 թվականից սկսած՝ Սահմանադրություն փոխելով և հայտարարելով, որ ինքը չի լինելու ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ, հետո էլ՝ ոչ համակարգային մարդկանց բերելով իշխանություն, ինքը փորձում է ցույց տալ, որ փորձում է գնալ փոփոխությունների: Այլ հարց է՝ որքանո՞վ հասարակությունը կընկալի դա՝ որպես լիիրավ փոփոխություն, եթե առաջին մարդը չի փոխվել»:

168.am-ի հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ ապագա վարչապետի հարցում իշխանությունների մոտ ամեն ինչ պա՞րզ է, թե՞ կարելի է անակնկալներ սպասել՝ Վ. Հակոբյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Դա բարդ հարց է: Երբ նայում ենք սիմպտոմներին, ոչ նրան, թե ինչ են խոսում ՀՀԿ-ականները՝ արտահայտելով իրենց ցանկությունները, այլ օրենսդրական փոփոխություններին, որոնք իրականացվում են, կարծես թե, ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի ձեռքում, մի բացառությամբ, որ վարչապետը, այնուամենայնիվ, փոփոխական պաշտոն է՝ ի տարբերություն նախագահի: Ոչ ոք այս պահին 100 տոկոս  վստահությամբ չի կարող ասել, որ արդեն ամեն ինչ որոշված է, որովհետև ես 100 տոկոսով վստահ չեմ, որ արտաքին գործոններն արդեն նեյտրալ են Հայաստանի նկատմամբ:

Մեկ օրվա ընթացքում Թրամփը փոխում է իր պետքարտուղարին, դա ենթադրում է ինչ-որ հարցեր, ՌԴ-ում ամսի 18-ին կիրականացվեն ընտրությունները, որից հետո իրենց գլուխը կազատվի, գուցե նրանք այլ մոտեցումներ կունենան:

Մենք ոչ մի բան 100 տոկոսով չենք կարող ասել: Բացի այդ, կա Սերժ Սարգսյանի անձնական գործոնը: Սերժ Սարգսյանը միշտ սիրում է անակնկալներ, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ իր որոշումներում անակնկալներ են լինում, մինչև վերջին պահը նա չի խոսելու, սա էլ է հասկանալի: Հիշենք թեկուզ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը:

Բոլորը համոզված էին, որ Հայաստանն արդեն ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր է ստորագրում, Սերժ Սարգսյանը նույն օրը մեկնում է Մոսկվա և հայտարարում է, որ մենք գնում ենք Մաքսային միություն: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ 100 տոկոսով ամեն ինչ որոշված է: Իհարկե, այն ինչ կատարվում է, ցույց է տալիս, որ գերկենտրոնացում է գնում վարչապետի ձեռքում, և բնական է, որ մարդիկ Հայաստանում չեն հավատում, որ այս ամենը կարող է նախապատրաստվել մեկ այլ պաշտոնյայի համար»:

Տեսանյութեր

Լրահոս