«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով հաշմանդամ զինծառայողին Պատարայում առանձնատուն է տրամադրվել
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Պատարա գյուղում արցախյան ազատագրական պայքարի ժամանակ վիրավորված երկրորդ կարգի հաշմանդամ Արարատ Ավանեսյանի ընտանիքն այսօր բնակարանամուտ է նշել:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասել է, որ «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագիրը ծանր պայմաններում հայտնված զինվորների ընտանիքներին աջակցելու նպատակ ունի. այն գործում է 2016 թվականի ապրիլից:
Ռ. Դուդակլյանի խոսքով՝ Արցախի վիրավոր զինվորների ընտանիքների համար ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել, կառուցվել և վերանորոգվել 9 տուն:
Մեր զրուցակիցը նշել է, որ մինչ այժմ ծրագրում ներառված 9 ընտանիքն էլ ապրում էր սոցիալական ծանր իրավիճակում՝ չունենալով կենցաղային պայմաններ:
Ռ. Դուդակլյանն ասել է, որ հիմնադրամի միջոցներով Արարատ Ավանեսյանի ընտանիքի համար գնվել է տունը, կառուցվել և վերանորագվել տան խոհանոցը, սանհանգույցը, աստիճանները, տեղադրվել նոր եվրոպատուհաններ, դռներ և այլն:
«Արարատը մեկն է այն նվիրյալ ազատամարտիկներից, ում շնորհիվ այսօր մենք ապրում ենք ազատ հայրենիքում: Նման ընտանիքներին սատարելը յուրաքանչյուրիս սուրբ պարտականությունն է»,-ասել է Ռ. Դուդակլյանը:
1993 թվականի փետրվարի 5-ին վիրավորված Արարատ Ավանեսյանը, ով ապրում է կնոջ և 3 դուստրերի հետ, իր խոսքում ասել է, որ մինչ օրս քայլում է հենակների օգնությամբ և ի վիճակի չէ ֆիզիկական աշխատանքներ կատարել:
«15 տարի շարունակ սեփական տուն չունեիք, ապրում էինք ուրիշի տներում: Ստանում եմ ընդամենը 84 հազար դրամ թոշակ, որը չի հոգում մեր ապրուստի մինիմալ ծախսերը: Շնորհակալություն ենք հայտնում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին մեզ՝ վերանորոգված սեփական տնով ապահովելու համար»,-ավելացրել է Ա. Ավանեսյանը:
Արարատի կինը՝ Կարինե Ավանեսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր սրտացավ են եղել իրենց նմանների հանդեպ:
Բնակարանամուտի արարողությանը ներկա Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն էլ խոստացել է, որ իրենց կողմից այդ ընտանիքին կտրամադրվի փափուկ կահույք:
Առանձնատան բացմանը ներկա էին նաև Պատարայի համայնքի ղեկավար Կարեն Արզումանյանը, «Թուֆենկյան» հիմնադրամի աշխատակիցներ:
Նշենք, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի վերոնշյալ ծրագրով մինչև տարվա վերջ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում և Մարտունու շրջանի Կարմիր շուկայում նախատեսվում է շահագործման հանձնել ևս 2 բնակարան: