Շփոթելու աստիճան կոնյակին նման ալկոհոլային խմիչքի անվանման և մակնշման հարցը կլուծվի ԵԱՏՄ-ում մշակվող կանոնակարգով
Հայկական կոնյակին շփոթելու աստիճան նման խաղողի սպիրտից չպատրաստված ալկոհոլային խմիչքներին հատուկ անվանում և մակնշում տալու հարցը կկարգավորվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մշակվող սպիրտային խմիչքների տեխնիկական կանոնակարգի միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը:
Պաշտոնյայի խոսքով`իրենք նկատել են համակարգային խնդիրը, ըստ որի «թունդ ալկոհոլային խմիչք» անվանմամբ ըմպելիքները կարող են սպառողների շրջանում հայկական կոնյակի հետ շփոթելու պատճառ դառնան: «Մեր գործընկեր կառույցների` Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների հետ, կատարել ենք աշխատանքներ այդ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Ներկայում մշակվում է ԵԱՏՄ տարածքում սպիրտային խմիչքների տեխնիկական կանոնակարգը, որի շրջանակում քննարկվում է նաև այս հարցը կարգավորելու հնարավորությունը: Եթե այս ապրանքն ունենա կոնկրետ անվանում և մակնշում իրականացվի, արդյունքում սպառողները շփոթության մեջ չեն հայտնվի»,-ասաց Արման Մանասերյանը:
ՏՄՊՊՀ պաշտոնյան դժվարացավ խնդրի լուծման համար հստակ ժամկետներ նշել, քանի որ համաձայնությունը պետք է հաստատվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում:
Նախատեսվում է մակնշման հատուկ պահանջներ սահմանել (անվանում, տեսակ, բաղադրություն), որ սպառողը տարբերակի էժանագին արտադրանքը կոնյակից: