Բաժիններ՝

«Ես վերակառուցում եմ եկեղեցին ո՛չ ինձ գովաբանելու, այլ Աստծո սիրույն, նրա ողորմածությանն արժանանալու համար». Մելսիդա Հարությունյան

Արարատի մարզի Ոստան համայնքում գտնվող 19-րդ դարի խոնարհված եկեղեցու վերակառուցումը շարունակվում է: Արդեն ավարտվել են տանիքի շինարարական աշխատանքները, մաքրվել ու հարդարվել են սուրբ խորանը, հատակը, հոգեւորականների եւ հոգեւոր երգչախմբի սենյակները, տեղադրվել են վեց սյուները:

Եկեղեցին ազատվել է տարիների ընթացքում կուտակված աղբից, իսկ անձրեւաջրից ու արեւից խունացած սրբապատկերներն ու մասունքները մի առանձին խնամքով պահեստավորվել են: Դրանք հետագայում եկեղեցու մյուս մասունքների հետ կտեղադրվեն թանգարանում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում եկեղեցու մեկենաս Մելսիդա Հարությունյանը նշեց, որ առաջնահերթության սկզբունքով կլուծվի եկեղեցու ժամանակավոր լուսավորվածության հարցը:

Կնորացվեն ութ պատուհանները, կփոխվի մուտքի դուռը, կհարդարվեն սբ խորանին կից երկու սենյակները՝ հոգեւորականների եւ երգչախմբի համար: Մեկենասը մշտապես համագործակցում է գյուղապետ Հակոբ Խաչատրյանի, դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանի, Բյուրավանի սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Ղազար քահանա Պետրոսյանի հետ: Աշխատանքներ են տարվում եկեղեցու երկու կանոնական խաչերի, զանգերի ու զանգակատան պատրաստման ուղղությամբ:

Արդեն իր նախկին տեսքը ստացած եկեղեցի են հաճախում բնակիչները: Տիկին Մելսիդան եկեղեցին կառուցելիս հավատարիմ է մնացել նախկին ճարտարապետական տեսքին: Ողջ տանիքը պատվել է արդիական կղմինդրով, ինչը փոխարինել է եկեղեցու եղեգներին: Ընդգծենք նաեւ, որ մեկենասն իր հայրենի Ոստան գյուղում վերակառուցել է նաեւ հինավուրց մի մատուռ, որը իրենց պապենական աղոթատեղին է եղել: Այժմ էլ այնտեղ եկեղեցական ծեսերի ժամանակ մատաղի արարողություն է կատարվում, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին այցելուներին, ինչպես ասում են, տեղ ու դադար չկա:

Այդքան ահռելի աշխատանք անել կդժվարանար անգամ կարող տղամարդը, սակայն Աստվածապաշտ այդ տիկինը երբեք ցույց չի տալիս իր դժվարությունները: Միշտ հարգում է դիմացինի կարծիքը, միշտ խոնարհ ու համեստ իր պահվածքով այնպես է անում, որ թվում է, թե դու էլ ես նրա հետ մասնակից Աստծո տան կառուցմանը: Մելսիդա Հարությունյանը մատուռի վերակառուցումը սկսել է մի առեղծվածային եւ խորիմաստ երազ տեսնելուց հետո, որին էլ հաջորդել է Սբ Սարգիս եկեղեցու կառուցումը:

Հոգեւոր կառույցի աշխատանքներին մասնակցում է մեկենասի ողջ ընտանիքը: Ամուսինը՝ Սմբատ Հովակիմյանը, որ ամեն պահի կնոջ կողքին է, մեկ տարի շարունակ հավաքել է իր թոշակը եւ այն նվիրաբերել եկեղեցու շինարարությանը: Երբ առաջարկվեց եկեղեցու պատին փորագրել տիկին Մելսիդա Հարությունյանի անունը, նա հրաժարվեց՝ ասելով.

«Ես վերակառուցում եմ եկեղեցին ո՛չ ինձ գովաբանելու, այլ Աստծո սիրույն, նրա ողորմածությանն արժանանալու համար: Բարձրյալն ինձ ավելի շատ է տվել, քան ես արժանի եմ: Իմ խելացի երեխաները, խաղաղ ընտանիքը, ջերմությամբ ինձ շրջապատած հարազատներս Աստծո պարգեւ են ինձ համար»:

Հավելենք, որ առաջիկայում Ոստանի դպրոցի բարձր դասարանցիները՝ տնօրենի ղեկավարությամբ կկատարեն եկեղեցու բակի շրջակայքի մաքրման աշխատանքները:

Հինավուրց եկեղեցին հիմնադրվել է 1833 թվականին, երբ Ոստանում բնակվել է ընդամենը 40 տնտեսություն: Նրանք սուղ միջոցներով այս եկեղեցին կառուցել են անմշակ քարից, փայտից ու ծածկը՝ եղեգից: Եկեղեցին, ինչպես այն ժամանակների շատ եկեղեցիներ, խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ: Ի վերջո, անխնամ մնալով՝ խոնարհվել է:

Լիլիթ Մաճկալյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս