Արմեն Մարտիրոսյանը՝ վաղվա հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ելքի» մասնակցել-չմասնակցելու մասին
Ինչպես հայտնի է, Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված Հանուն Հայաստանի փրկության ճակատը շաբաթ օրն Ազատության հրապարակում հանրահավաք է նախաձեռնել, որն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի և, ընդհանրապես՝ իշխանության դեմ: Ճակատի անդամները չեն բացառել, որ զանգվածային ակցիաների շարք կսկսեն՝ նստացույցեր, բողոքի երթեր:
168.am-ի հետ զրույցում ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր ակնկալիքն այն է, որ հասարակությունը դուրս կգա թմբիրից և կփորձի իր ձեռքում կենտրոնացնել և՛ իշխանության ձևավորումը, և՛ երկրի տնտեսության զարգացումը. «Ակնկալիքս այն է, որ Հայաստանը վերջապես նորից կվերադառնա իշխանության զարգացման ուղուն, և դա տեղի կունենա մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ»:
Հիշեցնենք, որ նախկինում ճակատի համակարգող Պետրոս Մակեյանն ասել էր, որ իրենք ճանապարհային քարտեզ են մշակում:
Ա. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս հանրահավաքը լինելո՞ւ է այդ ճանապարհային քարտեզի առաջին քայլը: Ի պատասխան՝ Ա. Մարտիրոսյանն ասաց. «Բնականաբար, պայքարի տարբեր եղանականեր կան, այդ թվում՝ նաև հանրահավաքը, և դա՝ որպես քայլերից մեկը, կա: Բայց ճանապարհային քարտեզ ասվածը ես ավելի շուտ հասկանում եմ, թե արդյոք մենք ունե՞նք առաջարկ, թե ինչ է լինելու, եթե իշխանափոխություն տեղի ունենա, եթե իրավիճակ փոխվի երկրում: Ես ասում եմ, որ՝ այո, կան նմանատիպ մոտեցումներ:
Որքան էլ մենք կարող ենք դետալների մեջ տարբեր պատկերացումներ ունենալ, բայց նպատակի հարցում բոլորս միակարծիք ենք: Սա ընդամենն առաջին հանրահավաքն է լինելու: Ակնհայտորեն մեկ հանրահավաքով ոչինչ չի կարող փոխվել: Ուստի, հետագա ընթացքը ցույց կտա, թե ինչ ծավալի պայքար կդառնա սա: Ծավալը կախված է լինելու մեր քաղաքացիների ակտիվությունից»:
Հայտնի է, որ ճակատի անդամները բանակցում էին ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ առաջարկելով միասնական ճակատ ձևավորել: Ճակատը, մասնավորապես, դիմել է Րաֆֆի Հովհաննիսյանին և Նիկոլ Փաշինյանին այդ հարցով:
Հարցին՝ վաղը ձեր կուսակցության առաջնորդ Ր. Հովհաննիսյանը կլինի՞ Ազատության հրապարակում, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. ««Ժառանգությունն» աջակցելու է, մենք միշտ միասնական ջանքերի կողմնակից ենք եղել, և ոչ միայն՝ բառերով, այլև՝ մեր գործողություններով: Մենք լինելու ենք և մեր մասնակցությամբ ևս մեկ անգամ վերահաստատելու ենք, որ «Ժառանգությունը» պատրաստ է Հանուն Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացու շահի՝ իր կուսակցական դրոշը վայր դնելու և միասնական պայքարի գնալու»:
Մեր ճշտող հարցին՝ Ր. Հովհաննիսյանն է՞լ է մասնակցելու վաղվա հանրահավաքին, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ դա վաղը պարզ կլինի:
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասել էր, որ, թեև իրենց օրակարգում ևս կա Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելը, բայց իրենք, ամենայն հավանականությամբ, չեն միանա ճակատի պայքարին, քանի որ տարբեր մոտեցումներ ունեն: Ա. Մարտիրոսյանը շատ նորմալ է գնահատում դա.
«Ես չգիտեմ՝ տարբերությունը ո՞րն է իրենց մոտեցման և պայքարի, չգիտեմ, իրենցը երևի յուրահատուկ տարբերակ է, ես տեղյակ չեմ: Ցանկացած դեպքում «Ժառանգությունը» միշտ միասնական պայքարին մասնակցել և մասնակցելու է»: