«Չեմ կարծում, թե կկարողանանք ընդհանուր հայտարարի գալ». «Ելքը», ամենայն հավանականությամբ, Հանուն Հայաստանի փրկության ճակատի գործողություններին չի միանա

Ինչպես հայտնի է, Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված Հանուն Հայաստանի փրկության ճակատը շաբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաք է նախաձեռնել, որն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի և, ընդհանրապես՝ իշխանության դեմ:

Ճակատի անդամները չեն բացառել, որ զանգվածային ակցիաների շարք կսկսեն՝ նստացույցեր, բողոքի երթեր: Նրանք բանակցում է ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ առաջարկելով միասնական ճակատ ձևավորել: Ճակատը, մասնավորապես, դիմել է Րաֆֆի Հովհաննիսյանին և Նիկոլ Փաշինյանին այդ հարցով:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Ն. Փաշինյանը նույնպես հայտարարել էր, որ իրենք որոշակի գործողություններ նախաձեռնելու ճանապարհային քարտեզ են մշակում, քանի որ ինքն իրեն չի պատկերացնում ձեռքերը ծալած հետևելիս, թե ինչպես է Ս. Սարգսյանը վերարտադրվում:

168.am-ն ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք հավանակա՞ն է համարում, որ իրենք կմիանան Հանուն Հայաստանի փրկության ճակատի գործողություններին:

Ի պատասխան՝ Գ. Գորգիսյանն ասաց, որ այնքան էլ հավանական չի համարում.

«Մենք բազմիցս տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ ենք ունեցել: Մեթոդաբանությունը, թե ինչպե՞ս է կարելի և պետք փոփոխություններ բերել և հասնել դրանց, մեր տեսլականները բավական տարբեր են, ու չեմ կարծում՝ այս պարագայում ինչ-որ համատեղ անելու բան կա»:

Մեր հարցին, թե այս հարցի շուրջ իրենց խմբակցությունում քննարկում եղե՞լ է, Գ. Գորգիսյանն այսպես պատասխանեց. «Դաշինքը պաշտոնապես չի ստացել հրավեր, Նիկոլ Փաշինյանին անձնապես են հրավիրել, թե ինքն ի՞նչ է պատասխանել, տեղյակ չեմ»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե քանի որ ձեր օրակարգում ևս Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելու հարցը կա, այն չի՞ կարող համախմբել բոլորին, որպեսզի ավելի լայն մոբիլիզացիա լինի:

Ի պատասխան՝ Գ. Գորգիսյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև բացի նրանից, թե ինչին ես դեմ, պետք է նաև հասկանաս՝ ինչին ես կողմ: Մենք շատ լրջագույն տարաձայնություններ ունենք երկրորդ հարցի մասով, և չեմ կարծում՝ կկարողանանք ընդհանուր հայտարարի գալ»:

Տեսանյութեր

Լրահոս