Բուենոս Այրեսի հազարավոր բնակիչներ են փողոց դուրս եկել աբորտները թույլատրելու պահանջով
Արգենտինայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունեցել բազմահազարանոց երթ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: Ինչպես իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ը, ցույցն անցել է «Օրինական աբորտներ հիվանդանոցներում» կարգախոսով:
Բողոքավորները հավաքվել են Մայիսյան հրապարակում, որը գտնվում է նախագահական պալատի առջեւ, իսկ այնուհետեւ շարասյունով անցել են մինչեւ Կոնգրեսի շենք:
Խորհրդարանի մերձակա հրապարակում տեղադրված բեմից մի քանի հասարակական կազմակերպությունների առաջնորդներ ընթերցել են երթի մասնակիցների ամփոփիչ հայտարարությունը, որում նրանք, մասնավորապես, իշխանություններին կոչ են արել վերացնելու հղիության արհեստական ընդհատման արգելքը:
Ակցիայի խորհրդանիշ է դարձել կանաչ գլխաշորը, որը կրել են աբորտների օրինականացման կողմնակիցները: Ներկայում Արգենտինայում աբորտները թույլատրվում են սոսկ բռնաբարության, ինչպես նաեւ մոր կամ պտղի կյանքի համար սպառնալիքի դեպքում: Մնացած դեպքերում հղիության արհեստական ընդհատումը համարվում է հանցագործություն: Երթի կազմակերպիչների խոսքով՝ ամեն տարի Արգենտինայում ընդհատակյա պայմաններում աբորտ է անում 370 հազարից մինչեւ 520 հազար կին: