
Նոր զոհեր՝ արևելյան Ղութայում

Սիրիայի արևելյան Ղութայի շրջանում շարունակվում են ռազմական գործողությունները, որոնց ընթացքում աճում է զոհերի թիվը: Այս մասին է ահազանգում Մեծ Բրիտանիայից գործող Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության խումբը: Ըստ նույն աղբյուրի, Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հրթիռակոծել Հարասթա, Սաքբա, Համորա և Էյն Թարմա բնակավայրերը: Սաքբա և Համորա բնակավայրերի հրետանային ռմբակոծության հետևանքով սպանվել է 18 մարդ, ներառյալ մեկ երեխա:
Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի արևելյան Ղութա՝ փորձելով բաժանել այն երկու մասերի: Այս մասին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշել են կառավարական ուժերին մոտ կանգնած աղբյուրները:
Ավտոշարասյունը, որը հինգշաբթի օրը մարդասիրական օգնություն պիտի հասցներ արեւելյան Ղութա, հետաձգել է առաքելությունը։ Կարմիր խաչ միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ դրա պատճառը ռազմական գործողություններն են։
Շարասյունն այս պահին կայանել է շրջանի ծայրամասում կառավարության վերահսկողության տակ գտնվող Վաֆիդիինի անցումային կետի տարածքում։ Երկուշաբթի օրը 46 բեռնատար ավտոմեքենա ընդգրկող մի ավտոշարասյուն մուտք գործել էր այս հատված, սակայն սկսված ռմբակոծությունների պատճառով, ստիպված է եղել որոշ առաքումներից հետո դադարեցնել առաքելությունն ու հեռանալ։