Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը հեղինակել է հեքիաթ ու այն պատմել Խնկո-Ապոր անվան գրադարանում

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթական ելույթն ունեցավ, սակայն այս անգամ ոչ խորհրդարանում եւ ոչ պատգամավորների առջեւ:

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել էր Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ «Հեքիաթի դեսպանները» ծրագրի շրջանակում հեքիաթ պատմելու Երեւանի թիվ 6 հիմնական դպրոցի եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 3-4-րդ դասարանների աշակերտների համար: Պատգամավորը հանդիպմանը նախապատրաստվել էր հավուր պատշաճի, իր հեղինակած հեքիաթով էր եկել գրադարան:

Նիկոլ Փաշինյանը սկզբում հետաքրքրվեց՝ արդյոք երեխաները սիրում են կարդալ եւ ամառային արձակուրդներին քանի գիրք են կարդացել: Աշակերտներից մեկի՝ Հակոբ Հովհաննիսյանի պատասխանը զարմացրեց: Նա կարդացել էր 55 գիրք:

Պատգամավորը ներկայացրեց իր՝ «Չար տնակի հեքիաթը», հարցեր տվեց երեխաներին այն մասին, թե հեքիաթի որ հատվածը, որ հերոսին են հատկապես հավանել, ապա պարզելով, որ երեխաների մեծամասնությունը սիրում է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթը՝ միասին անգիր ասացին:

«Երբ առաջարկ եղավ, որ նման ծրագիր կա, պետք է հեքիաթ կարդալ երեխաների համար, մտածեցի, որ կարելի է առիթն օգտագործել եւ անձամբ գրել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սա իր առաջին հեքիաթն է, նախկինում նման փորձ չի ունեցել:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք պատգամավորը հեքիաթում առանձնացրել է քաղաքական մեսիջը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Հեքիաթը հեքիաթ է նրանով, որ իր մեջ կարելի է գտնել եւ չգտնել քաղաքական մեսիջ, այսինքն՝ դրա մեջ եւ՛ կա, եւ՛ չկա մեսիջ, այնպես որ, հեքիաթը հենց դրանով է հետաքրքիր»,-ասաց նա:

Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գրադարանը ծրագիրն իրականացնում է ավելի քան 10 տարի, առաջիկայում նոր հյուրեր են ունենալու, աշխարհագրությունը նույնպես ընդլայնվելու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս