
Կարճատև բաժանումից հետո Ֆրենսիս ՄակԴորմանդը և նրա «Օսկարը» վերամիավորվել են

Ամերիկացի դերասանուհի Ֆրենսիս ՄակԴորմանդից գողացել էին «Օսկարը», որը նա ստացել էր «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում կնոջ գլխավոր դերի համար: Ինչպես մարտի 5-ին հաղորդել է Associated Press գործակալությունը, չարագործը 47-ամյա Թերի Բրայանթն է, որը կարողացել էր գաղտագողի մոտենալ արձանիկին Նահանգապետերի պարահանդեսի՝ ավանդական երեկույթի ժամանակ, որը տեղի է ունենում պարգեւատրման արարողությունից հետո:
Նրան կանգնեցրել է լուսանկաիչը, որն աշխատում էր միջոցառման ժամանակ, եւ ձեռքից խլել «Օսկարը»։ «Կարճատեւ բաժանումից հետո Ֆրենսիսը եւ նրա «Օսկարը» բարեբախտաբար վերամիավորվել են եւ դա տոնել կրկնակի չիզբուրգերով»,- մամուլին հայտնել է դերասանուհու ներկայացուցիչը:
Լրագրողները նշել են, որ, հայտնաբերելով արձանիկի անհետացումը եւ այն գտնելու հույսը կորցնելով՝ ՄակԴոմանդն արտասվել է: Դերասանուհին խնդրել է բաց թողնել գողին, սակայն պահապաններն այնուամենայնիվ տղամարդուն հանձնել են ոստիկանությանը: Նրա դեմ քրեական գործ է հարուցված, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: