Բաժիններ՝

Թրամփը ոչ մի վատ բան չի տեսնում առևտրական պատերազմներ մղելու մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ մյուս պետություններւ հետ առեւտրում վնասներ կրելու պայմաններում կարելի է եւ հարկավոր է առեւտրական սահմանափակումներ կիրառել երկրի բարօրության համար: Այդ մասին նա մարտի 2-ին գրել է Twitter-ում:

«Երբ երկիրը միլիարդավոր դոլարներ է կորցնում գործնականում յուրաքանչյուր պետության հետ առեւտրում, առեւտրական պատերազմները բարիք են, դրանցում դյուրին է հաղթելը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մարտի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը հաջորդ շաբաթ ներմուծման մաքսեր կսահմանի պողպատի եւ ալյումինի համար: Նրա խոսքով՝ մաքսերի չափը կկազմի պղնձի համար 25 տոկոս եւ ալյումինի համար 10 տոկոս այն բոլոր երկրների համար, որոնք այդ արտադրանքը մատակարարում են ԱՄՆ-ին:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մարտի 1-ի երեկոյան հայտարարել է, որ ի գիտություն է ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բարձրացված մաքսի տեսքով պողպատի եւ ալյումինի ներմուծման սահմանափակումներ մտցնելու մասին:

«Մենք շատ ենք ափսոսում այդ քայլի համար, որն, ինչպես երեւում է, ԱՄՆ-ի սեփական արդյունաբերությունը պաշտպանելու նպատակ հետապնդող բացահայտ գործողություն է եւ չի արդարացվում ազգային անվտանգությամբ»,- ասել է նա: «Հովանավորչությունը չի կարող լինել պողպատաձուլական հատվածում մեր ընդհանուր խնդիրների պատասխանը: Լուծում առաջարկելու փոխարեն այդ քայլը կարող է բարդացնել իրադրությունը»,- հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Իր հերթին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը Եվրամիության արագ հակազդման անհրաժեշտության մասին: Նա ընդգծել է, որ կարեւոր է միջազգային առեւտրական հակամարտություն թույլ չտալ նոր սահմանափակումների առնչությամբ: «Մենք պետք է ամեն ինչ անենք՝ միջազգային առեւտրական հակամարտությունից խուսափելու համար»,- հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով՝ ամերիկյան ղեկավարության որոշումը նաեւ սպառնալիքի տակ է դնում Եվրոպայում հազարավոր աշխատատեղերի ապագան, եւ դրան «ԵՄ-ն պետք է վճռականորեն հակազդի»: Դրանում, նախարարի խոսքով՝ «Վաշինգտոնը ոչ մի կասկած չպետք է ունենա»հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս