Բաժիններ՝

Արևային ջրատաքացուցիչ՝ գազի և փայտի վառարանների փոխարեն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ակտիվ գործակցությամբ շարունակում են բնապահպանական այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք թույլ են տալիս արձանագրել նաև տնտեսական արդյունավետ ցուցանիշ: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում ամփոփվել են հերթական ծրագրի արդյունքները:

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի՝ «Հեքիաթ» թիվ 2 մանկապարտեզում, տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։ Դա թույլ կտա մանկապարտեզի աշխատանքները կազմակերպել առավել հանգիստ և ապահովել սաների պարտաճանաչ հաճախելիության՝  անկախ եղանակային պայմաններից:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը և քաղաքի բնակիչները։

Կարդացեք նաև

«Ջեռուցման այն մեթոդները, որոնք կիրառվել են այս մանկապարտեզում մինչև այլընտրանքային էներգիայով առաջարկվող լուծումը, մեղմ ասած, հնացած են, ոչ արդյունավետ, վտանգավոր և անընդունելի: Հարյուր սան դաստիարակող կոլեկտիվի համար անչափ բարդ է երեխաների անվտանգությունն ապահովել տաք վառարանների մոտ: Ուրախ եմ, որ հաջողված գործընկերության և ճիշտ ընտրված ծրագրի արդյունքում, իրավիճակը փոխվել է: Ուզում եմ հավատալ, որ նոր հնարավորությունները ոչ միայն կթեթևացնեն դաստիարակների հոգսը, այլև կնպաստեն առավել արդյունավետ աշխատանքին և ծնողների հանգստությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանկապարեզում ջեռուցումը  նախկինում իրականացվել է գազի և փայտի վառարաններով: Դա եղել է խնդրի ծախսատար և մասնակի լուծում. շենքն ամբողջությամբ չի ջեռուցվել: Նոր համակարգի գործարկման արդյունքում իրավիճակը լիովին փոխվել է: Այժմ մանկապարտեզի ամբողջ տարածքը տաքացվում է բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով՝ 40%-ով կրճատելով ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները:

Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզն ունի մոտ 100 սան։

Միջոցառման լրատվական լուսաբանումը կարող եք դիտել այսօր` հեռուստաընկերությունների երեկոյան լուրերի թողարկումներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս